21:21 , 12 սեպտեմբեր, 2014
Անին ու Անիի Մայր տաճարը ռումինահայ համայնքում սկսվում է Բուխարեստի հայոց Մայր եկեղեցուց եւ Դանուբ գետի ընթացքով շարունակվում մինչեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի սահմանները: Ռումինիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին Սփյուռքի հայկական եկեղեցիների շարքում ոչ միայն ամենամեծերից ու գեղեցիկներից է, այլեւ առանձնակի մի խորհուրդ ունի, որում խտացած ցոլանում են ռումինահայության ազգային-եկեղեցական ողջ ըմբռնումները: Այս եկեղեցին կառուցած ռումինացի ճարտարապետը եկել է Հայաստան եւ տեսել Ս. Էջմիածինն ու Անին եւ եկեղեցին այնպես է նախագծել եւ իրականացրել նրա կառուցումը, որ այն դրսից լիովին նման է Ս. Էջմիածնի Մայր տաճարին, իսկ ներսից՝ Անիի կաթողիկե Մայր եկեղեցուն: Անիի ու Ս. Էջմիածնի այս համաձուլվածքն է, որ ավելի քան վեց հարյուր տարի հային հայ պահեց Դանուբի հեռավոր այս ափերին: Ռումինահայ գաղութն, այսօր թվով անհամեմատ նվազած եւ մայրենի լեզուն ու նրա անիական խոսվածքը գրեթե կորցրած, բայց շարունակում է պահել իր ազգային ինքնությունը: Անհրաժեշտ է նշել, որ ռումինահայ գաղթավայրերի շարքում Բուխարեստը համեմատաբար նոր է եւ չի հիշվում անիական բնակավայրերի թվում: Ավելին, նա նաեւ չկա ռումինական, մոլդովական ու հայկական մատենագրությունում հայկական անվանվող յոթ քաղաքներիՙ Սուչավա, Յաշ, Բոտոշան, Ռոման, Գալաց, Հոտին եւ Վասլույ շարքում: Այս յոթ քաղաքներից բացի, էլի մի շարք քաղաքներ կան, որտեղ 17-19-րդ դարերում հայկական համայնքներ են եղել: Մենք նախորդ մեր հայկական հետքերը Ռումինիայում հոդվածի մեջ անդրադարձանք Բոտոշան եւ Յաշ քաղաքներին եւ անշուշտ հայ համայնքի ծագմանը այնտեղ եւ հարուստ ժառանգությանը: Այս անգամ հայկական հետքերը Ռումինիայում մեզ բերեցին Ֆոկշան: Այս փոքր քաղաքը մինչեւ 18-րդ դարի վերջերը սահմանակից է եղել Մոլդովական իշխանությանը ու Ռումինական պետությանը: Քաղաքով անցնող Միլքով գետը Ֆոքկանը բաժանել է երկու մասի: Մեկ մասից մյուսն անցնելու համար հարկավոր է եղել անձնագիր, ինչպես նաեւ երեկոյան ժամերին դադարեցվել է գետի վրայի կամրջով մի կողմից մյուսը անցնելը: Այս պատճառով երեկոյան ժամերգության գնացող հայերը չեն կարողացել ժամերգությունից հետո անցնել կամրջով եւ հասնել իրենց տները, որի համար կա՛մ պետք է երեկոյան ժամերգության չգնային եւ կա՛մ էլ գնալուց հետո տանը չգիշերեին: Հնարավոր այս երկու տարբերակների փոխարեն տեղի հայերն ընտրել են երրորդ տարբերակըէ՝ գետի մյուս ափին կառուցել երկրորդ եկեղեցին, որպեսզի առանց անձնագրային կարգը խախտելու կարողանան մասնակցել երեկոյան ժամերգությանը: 1830թ. այստեղով անցած Մինաս Բժշկյանն իր Ուղեգրությունում գրում է, որ այդ ժամանակ քաղաքում 60 տուն հայ է ապրել, սակայն մի ժամանակ նրանք ավելի շատ են եղել: Գետի երկու ափերին ժամանակին տարածվել է հայկական թաղը: Միլքով գետի այստեղով անցնող հունը հիմա չորացել է, մեծ մասը մնացել է ասֆալտի ու տարբեր շինությունների տակ, սակայն գետի երբեմնի հունի երկու կողմերում արեւի տակ փայլող երկու գմբեթներով ու խաչերով վեր են բարձրանում հայկական երկու եկեղեցիները, որոնցից առաջինըՙ Ս. Գեւորգը կառուցվել է 1710-1715թթ., իսկ երկրորդը՝ նվիրված Տիրամոր Վերափոխմանը՝ 1780-ական թվականներին: Ռումինիայում եւս, ըստ ընդունված կարգի, հայկական յուրաքանչյուր եկեղեցի ունի կից հովվատուն եւ տեղի ծխական խորհրդի սենյակը: Ֆոկշանի նվազած, բայց տակավին շարունակվող ծխական համայնքի խորհուրդը գտնվում է Տիրամոր Վերափոխմանը նվիրված եկեղեցու կողքին՝ ժամանակին գործած հայկական դպրոցի արական մասնաշենքում, իսկ դիմացն աղջիկների մասնաշենքն է: Եկեղեցու բակը մտնելով, արդեն փոխադրվում ես 18-19-րդ դարերը եւ տապանաքարերը քեզ են փոխանցում մի ժամանակ այստեղ եղած հայկական կյանքի արդեն լռած, բայց եւ չմարած արձագանքները: ՌՈՄԱՆ - Ֆոքկանից ճանապարհը տանում է Ռոման քաղաքը, որի հայ համայնքի եւ եկեղեցու մասին դեռեւս 1551թ. ներքո Մինաս Թոխատեցին գրում էր. <<Քաղաք մի կայր Ուռոմանի, Ինքն փոքրիկ, բարով ի լի, Շատ հայ ազգի կայր ի յայն տեղի, Խիստ տոլվաթվորք եւ անուանի>>: Հին եկեղեցու տեղում 1609թ. կառուցվում է նոր եկեղեցի, իսկ այժմյան եկեղեցին էլ իրենում ներառելով նախորդի ձեւերը, կառուցվել է 1864թ.: Եկեղեցուն կից վեր է բարձրանում հայկական դպրոցի եռահարկ շենքը, կառուցված 19-րդ դարի եվրոպական դասական ճարտարապետության ոճով: Քայլելով այս դպրոցի պատերի երկայնքով, այն զգացողությունն ես ունենում, թե քայլում ես երբեմնի Աստաֆյան՝ այժմյան Աբովյան փողոցով, ուր դեռեւս պահպանվել են հին Երեւանի՝ այս ոճով կառուցված շենքերից մի քանիսը: Ինչպես ռումինական մի շարք քաղաքներում, այնպես էլ Ռոմանում, տեղի հայկական համայնքի մարման պատճառով եկեղեցին նախորդ տասնամյակում որոշակի ժամանակով ի պահ է տրվել Ռումին Ուղղափառ եկեղեցուն: Պետք է նշենք եւ գնահատենք, որ Ռումին եկեղեցու քահանան, ով սպասավորում է մեր եկեղեցում գավիթում հավաքել եւ եկեղեցու որմերի մեջ ագուցել շրջակայքի հին հայկական տապանաքարերը փրկելով դրանք այսօրվա քաղաքաշինության եւ ժամանակի մաշիչ ընթացքի ստույգ կորստից: Շատ ցավալի է, որ այսօր շատ քիչ հայեր են ապրում Ռումինիայում: Նրանք դարերով կերտել են այս երկրում մեր պատմությունը եւ վերջին տասնամյակներին մարդկային լռության միջից այստեղ քարերն են հայաբարբառ աղաղակում, երբ մեր աչքերը հանդիպում են նրանց հայկական արձանագրություններին: Սիրով՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Տեր Հեթում քահանա Թարվերդյան