ԼՂ հակամարտությունում «կառուցվածքային բանակցությունները» ակտիվություն կմտցնեն, բայց ոչ՝ բեկում. Նիկոլյա Հայո


16:06 , 12 սեպտեմբեր, 2014

457633058_1280x7201in.am-ը գրում է.

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, Կովկասում շվեյցարական ակադեմիական ցանցի ղեկավար Նիկոլյա Հայոն:

- Պարոն Հայո, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար և նախագահ Դիդյե Բուրգհալթերը Հայաստանում խոսելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մասին՝ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկեց «կառուցվածքային բանակցություններ»: Այս գաղափարը փաստորեն այսօր սեղանին է, քանի որ Ուելսում օրերս Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադարձել է այս առաջարկին: Արդյունավետ համարո՞ւմ եք Շվեյցարիայի կողմից  շրջանառության մեջ դրված այս  առաջարկը:

- Սա մի նախաձեռնություն էր Շվեյցարիայի կողմից՝ բեկում մտցնելու ԼՂ հակամարտության ներկայիս ստատուս քվոյի հարցում: Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, թե այս ձևաչափի բանակցությունները  չափազանց արդյունավետ են լինելու: Ես կարծում  եմ, որ ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանն ավելի հետաքրքրված է ստատուս քվոյի փոփոխությամբ, իսկ այս առաջարկը ծառայելու է  բանակցային գործընթացի ակտիվացմանը, այսինքն՝ նոր ինչ-որ փուլի մեկնարկին, բայց ամեն դեպքում՝ ես դա չափազանց արդյունավետ և նոր գաղափար չեմ համարում: Կողմերը պետք է պատրաստ լինեն առանցքային  փոփոխությունների:

- Իսկ Դուք ի՞նչն եք ներկայումս  անհրաժեշտ համարում, ինչպե՞ս կարելի է առաջ մղել բանակցային գործընթացը և ինչի՞ շուրջ կարելի է պայմանավորվել:

- Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի բանակցությունները պետք է շարունակվեն, բայց խմբի այդ ձևաչափն, ըստ իս, ևս արդյունավետ չէ, քանի որ բանակցություններին պետք է մասնակցություն ունենա նաև Լեռնային Ղարաբաղը: Ես գիտեմ, որ սա ևս  քննարկվում է, ու ես սա անհրաժեշտ եմ համարում, քանի որ Ղարաբաղն առաջին շահագրգիռ կողմն է այս հակամարտությունում: Պետք է կողմերը  և միջնորդներն իրենց համաձայնությունը տան այս հարցին: Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը մեծ խոչընդոտներ է  հարուցում հակամարտության կարգավորման հարցում՝ շնորհիվ  իր ազդեցության  և էներգակիրների: Եթե ակնկալում եք բեկում, ապա պետք է սպասել, որ Ադրբեջանում ռեժիմ  փոխվի, այս ռեժիմն ունակ չէ կարգավորելու հակամարտությունը, ունակ չէ գնալու որոշակի զիջումների:

- Պարոն Հայոս, նախագահները հանդիպեցին Սոչիում, ապա Ուելսում, առաջիկայում պետք է հանդիպեն Փարիզում: Այսօր, ըստ Ձեզ, ինչի՞ շուրջ պետք է համաձայնության գան նախագահները՝ կրակի դադարեցմա՞ն, թե՞ կարգավորման:

- Ես կարծում եմ, որ ամեն դեպքում  երկխոսությունը պետք է շարունակվի կարգավորման շուրջ: Ինչպես ասացի, պետք է առաջիկայում, իմ կարծիքով, լուծվեն բանակցություններում ԼՂ մասնակցության և օկուպացված տարածքների վերադարձման հարցերը: Սակայն պետք է նշել նաև, որ զիջումները երկկողմանի պետք է լինեն, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների: