15:12 , 12 սեպտեմբեր, 2014
168.am-ը գրում է.
«13 տարի առաջ Միացյալ նահանգները ենթարկվեց աննախադեպ հարձակման: Աննախադեպ, քանի որ իսլամական մի արմատական կառույց մարտահրավեր նետեց գերհզոր մի պետության, և հիրավի շատերը 21-րդ դարը սկսում են հաշվել հենց այդ իրադարձություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Արաբագետը նկատեց, որ 13 տարի առաջ հայտարարված պայքարը իսլամիստ ծայրահեղականների դեմ չի տվել իր արդյունքները: Այս ամենի մասին, նրա խոսքով, կարելի է հասկանալ երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տարածած հայտարարությունից, որ ԱՄՆ-ն նորից կանգնած է մի նոր մարտահրավերի, մի նոր սպառնալիքի առաջ. «Իսլամիստ ծայրահեղականների կառույցի դեմ նորից պետք է ձևավորվի կոալիցիա, նորից պետք է պայքար սկսվի և այլն: Պետք է արձանագրել նաև, որ նրանց դեմ այդ պայքարն այնուամենայնիվ որոշակի արդյունքներ տվեց, քանի որ մեծ վնաս հասցվեց Ալ- Քաիդային. ռազմական ճամբարները վերացվեցին, Ալ-Քաիդան գլխատվեց և այլն: Բայց սրան զուգահեռ ի հայտ եկան հակառակ միտումներ. Ալ-Քաիդան դարձավ ցանց, այն ստեղծեց իր ճյուղավորումները աշխարհի տարբեր հատվածներում, ձևավորվեցին սրան հարող իսլամական ծայրահեղ արմատական այլ ուժեր: Կարծում եմ՝ 13 տարի առաջ հայտարարված այդ պայքարն իր արդյունքը չտվեց, քանի որ ԱՄՆ-ն ու ողջ Արևմուտքը լավ չգնահատեցին, չգիտակցեցին այն միտումները, որոնք այսօր առկա են մուսուլմանական աշխարհում, ճիշտ չգնահատվեց ստեղծված իրավիճակը, այլ վերաբերմունք դրսևորվեց ընդհանրապես իսլամի նկատմամբ՝ մասնավորապես իսլամական արմատականության և ծայրահեղ արմատականության նկատմամբ: Փաստորեն ԱՄՆ-ն նոր սպառնալիքի առաջ է և եթե այդ բացթողումները չշտկվեն, կարծում եմ՝ պատմությունը նորից կարող է կրկնվել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ