Նորվեգական շքեղ բանտերն այնքան ծանրաբեռնված են, որ բանտարկյալների մի մասն արտասահմանյան բանտեր են ուղարկվելու


14:30 , 12 սեպտեմբեր, 2014

Նորվեգիայի բանտերը գերծանրաբեռնված են, սակայն  այս սկանդինավյան երկիրը մի հեշտ լուծում է գտել՝ արտասահման ուղարկելով իր բանտարկյալների մի մասին: Նորվեգիայի մոտ 300 բանտարկյալ կարող են ուղարկվել Նիդերլանդներ: Նիդերլանդներում հանցագործների թիվն այնքան քիչ է, որ այստեղ պատաստվում են 19 բանտ փակել:  

Նորվեգիայի Հալդեն բանտը

Հոլանդիայի արդարդատության նախարար Ֆրեդ Թիվենը հանդես է եկել ի պաշտպանություն այս ծրագրի.

- Նորվեգիայում բանտերի պակաս կա, իսկ մենք ներկայումս դրանց ավելցուկ ունենք: Ակնկալվում է, որ օտարերկրացի բանտարկյալների ընդունումը կարող է փրկել ավելի քան 700 աշխատատեղ: Այս պրակտիկան նախկինում էլ է կիրառվել: 550 բելգիացի ներկայումս կրում են իրենց ազատազրկումը հոլանդական բանտում: Շվեդիան նախկինում մերժել է ընդունել Նորվեգիայի բանտարկյալներին:

Այս ծրագրի հետ կապված աղմուկը ստվեր է գցում Նորվեգիայի բանտային համակարգի վրա: Նորվեգիայի որոշ բանտեր ավելի շատ ժամանակակից արվեստի թանգարան են հիեշցնում, քան թե ուղղիչ տներ: Ոչ այնքան վաղ անցյալում Նորվեգիայի բանտերը բնորոշվում էին իբրև աշխարհի ամենամարդասիրական բանտեր: Նորվեգական բանտերին այսպիսի բնորոշում է տվել այնպիսի հեղինակավոր ամսագիր, ինչպիսին «TIME»-ն է:  

Այստեղ ներկայացված են նորվեգական բանտերի որոշ լուսանկարներ, որոնք նկարվել են այն ժամանակահատվածում, երբ 77 մարդ սպանած Անդրես Բրեյվիկը պետք է կրեր իր դատապատիժը:  

Նորվեգական որոշ բանտախցեր ավելի պերճաշուք տեսք ունեն, քան ուսանողական հանրակացարանների ննջասենյակները:

Անգամ նորվեգական բանտերի պատերն այնքան մռայլ չեն, որքան մյուս երկրների բանտերի պատերը:

Այս բանտում անգամ ժամանակակից հարմարություններով հագեցած լուսավոր մարզասրահ կա, որպեսզի բանտարկյալները լավ մարզավիճակում մնան:

Կառավարությունը կարող է իրեն թույլ տալ գնել այսպիսի թանկարժեք ու ժամանակակից հարմարություններ բանտերի համար և այս կերպ կահավորել դրանք, քանի որ երկրում այնքան էլ շատ բանտեր չկան: Նորվեգիայում հանցագործությունների մակարդակը համեմատաբար ցածր է: Բացի այդ, այստեղ հաճախ կիրառվում է կարճաժամկետ ազատազրկումը: Նորվեգացիների՝ արդարության ըմբռնումը մի փոքր այլ է: Նրանք շատ մեծ կարևորություն են հատկացնում բանտարկյալների վերաինտեգրմանը հասարակության մեջ:   

Լրագրող Չարլզ Լեյնսը շատ հետաքրքիր հոդված է գրել այս թեմայով: Այդ հոդվածում նա որոշակի զուգահեռներ է անցկացնում Նորվեգիայի և Ամերիկայի միջև: Նա նշում է, որ ի տարբերություն Նորվեգիայի՝ Ամերիկայի բանտերը գերծանրաբեռնված են, ինչը հող է հարթում կրկնահանցագործության համար:   

Մենք նշեցինք, որ Նորվեգիայում հանցագործությունների մակարդակը որոշ այլ երկրների համեմատ ցածր է, սակայն ոչ այնքան ցածր, որ ազատազրկման դատապարտված հանցագործները տեղավորվեն Նորվեգիայի փոքրաթիվ բանտերում: Ներկայումս ազատազրկման դատապարտված 1300 մարդ սպասում է, թե երբ պետք է ազատազրկվի և կրի իր պատիժը: Նորվեգիայի բանտեերը չծանրաբեռնելու համար Նորվեգիայի կառավարությունը ծրագրում է ազատազրկվածներին ուղարկել արտասահմանյան բանտեր: Այնուամենայնիվ, այս լուծումը հղի է մի շարք վտանագավոր հետևանքներով: Ազատազրկման դատապարտվածներից 300 հոգի պետք է ուղարկվի Նիդերլանդներ: Այնտեղ այդ հանցագործները կարող են մի մեծ դժվարության բախվել, քանի որ բանտապահները չեն հաղորդակցվում իրենց լեզվով:  Բանտի կառավարիչները նորվեգացի են լինելու, սակայն ըստ տարածված տեղեկատվության՝ բանտապահները հոլանդացի են: Իշխանությունները պաշտպանում են բանտարկյալներին արտասահմանյան բանտեր ուղարկելու իրենց ծրագիրը՝ նշելով, որ արտասահման են ուղարկվելու Նորվեգիայի օտարերկրացի բանտարկյալները (օտարերկրացիները նորվեգական բանտերի բանտարկյալների 30-35 տոկոսն են կազմում. սկանդինավյան պետություններում ներգաղթյալների թիվը շատ մեծ է):

Նորվեգացի սոցիոլոգ Թոմաս Մեթիեսենը թերահավատորեն է վերաբերվում կառավարության մշակած ծրագրին:

- Նորվեգացի ոստիկաններից  շատերը խոսում են անգլերեն և կարող են հաղորդակցվել այս օտարերկրացի բանտարկյալների հետ: Մինչդեռ հոլանդացի ոստիկաններից շատ քչերն են տիրապետում անգլերենին, ինչը կարող է հաղորդակցական լուրջ խնդիր դառնալ: Բանտարկյալների վերաբնակեցման ծրագիրը դժվար կլինի իրականացնել: Եթե բանտապահները հոլանդացի լինեն, այդ ծրագիրը չի աշխատի:

Մեթիեսենը կանխատեսել է, որ այս ամենի արդյունքում խտրականություն կդրվի Նորվեգիայում մնացած բանտարկյալների և այլ երկրներ, օրինակ՝ Նիդերլանդներ ուղարկված բանտարկյալների միջև: