Միգրացիոն պատկեր. Արտագաղթի ակտուալությունը ոչ միայն Հայաստանում


11:54 , 12 սեպտեմբեր, 2014

Միգրացիոն պատկեր. Արտագաղթի ակտուալությունը ոչ միայն ՀայաստանումArmnewstv.am-ը գրում է.

Միգրացիան, կամ ինչպես Հայաստանում է ընդունված ասելը` արտագաղթը ամենից առաջ ընտրություն է, գրեթե այնպես ինչպես ընտրում են ամուսին կամ մասնագիտություն, բայց միեւնույն ժամանակ այդ ընտրությունը արդարացնում տարբեր պատճառաբանություններով: Դրանք կան, բայց գլխավորը երեւույթների ընկալումն է:

Աշխարհում միգրացիայի հոսքերը հաշվելու ճշգրիտ գործիքներ դեռեւս չկան, ոչ մեկը չի կարող հստակ թվերով պնդել, թե որքան մարդ է գնում երկրից: Հայաստանում միգրացիայի մասին հայտարարությունները էմոցիոնալ են ու օգտագործվում են երեք հիմնական տվյալները` Սահմանային անցակետերում մարդկանց քանակը, օդակայանի մարդաշատությունն ու բնակավայրերի չվառվող լույսերը, մինչդեռ միգրացիայի թվերը հայտնվում են սոցիոլոգիական հարցումներում:

Հայաստանից հեռացողների մեջ բավական մեծ քանակ են կազմում աշխատանքային միգրանտները, որոնք գնում են հիմնականում Ռուսաստան, մնացած մասը Եվրոպական երկրներ ու ԱՄՆ: Համաշխարհային բանկի տվյալի համաձայն` 2007 թվականին Հայաստանից հեռացել էր 136 հազար մարդ, 2012-ին` 50 հազար: Գրեթե 3 անգամ պակաս:

Միգրացիան միայն Հայաստանում չեն էմոցիոնալ ընդունում, նույն խնդիրն ունեն գրեթե բոլոր փոքր ու միջին պետությունները` հատկապես հետխորհրդային երկրները: Օրինակ` Մոլդովայում, որի բնակչությունը գրեթե 3 միլիոն 300 հազար է, Համաշխարհային բանկի տվյալով, արտագաղթը տարեկան հասնում է 125 հազարի: Մոլդովացիների հիմնական մասը մեկնում է Ռուսաստան, փոքր մասը` Եվրոպական երկրներ:

Գրեթե նույն խնդիրներն ու նույն ուղղություններն ունի արտագաղթը երկրորդ ասոցացված երկրում` Վրաստանում: Ամեն տարի 150 հազար մարդ է Վրաստանից արտագաղթում: Գնում են հիմնականում Ռուսաստան, հետո` Թուրքիա ու Եվրոպա: Ուկրաինայի վիճակն, ի տարբերություն Մոլդովայի ու Վրաստանի, անորոշ է վերջին իրադարձություններից պատճառով: Այնտեղ արտագաղթի տեմպն անցած տարվա համեմատ ավելացել է 2-3 անգամ, ուղղությունն էլ` դեպի Ռուսաստան ու Եվրոպա:

Ադրբեջանցիների արտագաղթի տեմպը վերջին տարիներին գրեթե չի նվազել, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների: Ադրբեջանն իր միգրացիոն տվյալները փակի տակ է պահում: Բելառուսում 2012-ի տվյալով տարեկան մոտ 10 հազար մարդ է երկրից հեռանում, բայց իշխանությունը հայտարարում է հակառակ միտումի` Ներգաղթի մասին: Բելառուսից հիմնականում արտագաղթում են Ռուսաստան, Եվրոպական երկրներ ու Իսրայել:

Արտագաղթի խնդիրներն ակտուալ են ոչ միայն հետխորհրդային երկրներում, այլեւ Եվրոպականներում, օրինակ` Լեհսատանից մեծ քանակությամբ գնում են Բրիտանիա: Ըստ Համաշխարհային բանկի տվյալի` տարեկան մինչեւ 38 հազար լեհ է լքում երկիրը: Ցուցանիշները ցույց են տալիս, որ մեծ տերությունների վաղեմի քաղաքականության հետեւանքով փոքր երկրների քաղաքացիները գնում են իրենցից վերցվածի հետեւից:

Տեսանյութն՝ այստեղ