Թուրքիան երկու տարում արտաքսել է Սիրիա մեկնող 830 եվրոպացի ջիհադականների


21:46 , 11 սեպտեմբեր, 2014

1681425_20140911152458.gif1in.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունները վերջին երկու տարվա ընթացքում ձերբակալել ու արտաքսել են եվրոպական երկրների 830 քաղաքացիների, որոնք փորձում էին անցնել սահմանն ու մեկնել Սիրիա՝ իսլամիստ ջիհադականների կողմից պայքարելու համար։ Hurriyet Daily News թերթի տվյալներով, օրինախախտները պատրաստվում էին միանալ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, որոնք արդեն իրենց հսկողութան տակ են առել Սիրիայի ու Իրաքի ընդարձակ տարածքներ։

Եվրոպական երկրները վերջերս սկսել են Թուրքիայի հետ տեղեկատվություն փոխանակել ջիհադի կողմնակիցների մասին, որոնք պատրաստվում են Թուրքիայի տարածքով Սիրիա թափանցել։ ԵՄ մի քանի երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան, Հոլանդիան ու Բելգիան, Թուրքիային Ինտերպոլի խողովակներով տվյալներ են հաղորդել մոտավորապես 4700 կասկածյալների մասին։ Թուրքական իշխանությունները պոտենցիալ ջիհադականների հոսքը կասեցնելու համար այդ ցուցակը հանձնել են ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումներին, ինչպես նաև սահմանի անվտանգության ուժերին։