Նյու Յորքը հիշում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհվածներին


21:22 , 11 սեպտեմբեր, 2014

10236550791in.am-ը գրում է.

Նյու Յորքում այսօր հիշում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության երեք հազար զոհերին: Քաղաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով ողբերգական իրադարձությունների կապակցությամբ սգո արարողություններ են կազմակերպվել, գրում է RIA Novosti-ն:

Հիշատակի համալիրի տարածքում, որը կանգնեցվել է ահաբեկչության հետևանքով քանդված Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների տեղում, զոհվածների հարազատները հերթով կարդում են նրանց անունները: Արարողության յուրաքանչյուր մասնակից մի քանի տասնյակ անուն է կարդում, և ցուցակի ամենավերջում՝ իր հարազատի անունը: Շատերը չեն կարողանում զսպել արցունքները և խոստովանում են, որ, չնայած 13 տարի է անցել, իրենց ցավը չի թուլանում:

Զոհերի անունների հրապարակավ ընթերցումը կատարվում է ամեն տարի՝ սկսած 2002 թվականից, և երեք ժամ է տևում: Արարողությանը լռության րոպեն է նախորդում: Անունների ընթերցումը հինգ անգամ ընդհատվում է լռության րոպեներով, որոնք համապատասխանում են ինքնաթիռները աշտարակներին, Պենտագոնի շենքին բախվելու և աշտարակների փլուզման ժամերի հետ: