17:44 , 11 սեպտեմբեր, 2014
«Անբարոյականություն է սեփական պետությանը ճգնաժամի մեջ գցող մարդուն քծնելու համար նախկին իշխանությունների հասցեին քննադատությունը բիզնեսի մակարդակի հասցնել: Սակայն այս պարզ ճշմարտությունը չի ընկալում, օրինակ, Արամ Զավենի Սարգսյանը:
Բաղրամյան 26-ի համակարգման տակ աշխատող թերթին տված իր հարցազրույցում Զավենիչը Սերժ Սարգսյանին շողոքորթեց 2 ուղղությամբ: Նախ՝ փորձեց բարոյականության դասեր տալ ԵԿՄ-ից դուրս եկած ազատամարտիկներին, ովքեր հիմնել են իրենց սեփական կառույցը: Դե, իսկ հարցազրույցի վերջում, ինչպես միշտ, անդրադարձավ Քոչարյանին:»-այսօր կարդում եմ կայքերից մեկում:
Արամը չի կարող որևէ մեկին քծնել կամ շողոքորթել: Վերը բերված տողերի հեղինակը նրան հաստատ չի ճանաչում:
Վաղուց ՙՙՀանրապետություն՚՚ կուսակցության անդամ չեմ ու հանգիստ կարող եմ խոսել Արամ Սարգսյանի մասին:
Ոչ ոք չի կարող մտածել, որ քծնում եմ կամ շողոքորթում:
Արամին ճանաչում եմ ավելի քան 15 տարի ու ամեն նրան տեսնելուց ավելի եմ հավատում իմ երկրին, նրա ապագային, խավարի հանդեպ Լույսի հաղթանակին:
Սկզբում խանդում էի, որովհետեւ Վազգենի ավտոյի առաջին նստարանին ուրիշ մարդու պատկերացնել չէի կարողանում, հետո սկսեցի Վազգենի կարոտն Արամից առնել, ավելի ուշ Արամին սիրեցի՝ Վազգենի փոխարեն ու դրանից անկախ:
Արամ Սարգսյանն եզակի մարդ է՝ քրիստոնյայի կեցվածքով, ընկերոջ նվիրումով, թացը չորից տարբերելու բացառիկ ունակությամբ:
Ես հազար ու մի զրույց եմ ունեցել Արամի հետ՝ ամեն անգամ բացահայտելով ավագ ընկերոջ, ով մարդ ճանաչելու եւ սիրելու կարողություն ունի:
Վազգենը լիքը քաղաքական հարցերի պատասխան կիսատ էր թողել՝ մեծերին բնորոշ անփութությամբ… Արամը քաղաքական դաշտ մտավ իր ու լեգենդ դարձած մեծ ախպոր փոխարեն:
Արժանապտվությունն ու հանդուրժողականությունն երբեք չլքեցին նրան:
2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ես համակարգում էի Սարգսյանի քարոզչությունը եւ արտասվելով եթեր էի ուղարկում այն տեսաերիզը, որով իմ ավագ ընկերն իր թեկնածությունն էր հանում Ստեփան Դեմիրճյանի օգտին: Արամը ճիշտ էր, որովհետեւ ինքը քաղաքականությունը հավատից չի տարբերում ու ժողովրդին հավատի, միասնության պատգամ էր հղում:
2008-ին, Արամը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էր՝ Վազգեն Սարգսյանի գծին դավաճանելու էժանագին խոսակցություններին հակառակ: Ինքը դարձյալ ճիշտ էր, որովհետեւ էդ պահին Լույսը Ազատության հրապարակում էր՝ իր խորհրդանիշով:
Լևոնին էլ հրաժեշտ տվեց՝ քրիստոնեավայել՝ առանց աղմուկի ու քինախնդրության:
Արամ Սարգսյանն անհանդուրժող էր, երբ ոմանք Մեղրին «կույրաղիք» էին համարում ու նույնքան հանդուրժող, երբ ոմանք անփորձ վարչապետից քիլլերություն էին պահանջում:
«Հանրապետություն» կուսակցությունում չեմ, բայց հավատում եմ իմ ընկեր Արամին, որովհետեւ Լույսը կհաղթի խավարին ու երկիրս Վազգենավարի կապրի:
Որ ինձ մնար Արամին կխնդրեի, որ չզբաղվի քաղաքականությամբ, որովհետեւ այն խորթ է մարդու, ստեղծագործողի նրա տեսակին: Բայց էդ խնդրանքը դավաճանություն կլինի Եռաբլուրի խորհրդին:
Որ ինձ մնար՝ Արամն առաջինն է՝ իր որակով ու Հայաստան սիրելու ուժով, բայց հակադրված կլինեի ընկերոջս համեստությանն ու նվիրումին:
Արամին կարոտում եմ, Արամին սիրում եմ, Արամին հավատում եմ, որովհետեւ Քաղաքացուն ընտրող Քաղաքացի եմ…