«Իսկ Դուք գտնում եք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը չի՞ քննարկվում»


10:54 , 11 սեպտեմբեր, 2014

Vazgen-Manukyan1in.am-ը գրում է.

Իշխող Հանրապետական կուսացկությունը շարունակում է պնդել, որ Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ, և որ դրա վերաբերյալ քննարկումներն այս անգամ անցնում են բաց և թափանցիկ:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ՀՀ Սահմանադրությունը ոչ թե պատրաստի հրամցվում է հասարակությանը, այլ դրվում լայն քննարկման: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը պատրաստ կլինի արդեն հոկտեմբերին և կքննարկվի թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ:

Ազգային ժողովում ներկայացված ոչ իշխանական ուժերից միայն Դաշնակցությունն է կողմ սահմանադրական բարեփոխումներին: Կտրականապես դեմ այդ գործընթացին արտահայտվել են միայն «Բարգավաճ Հայաստանն» ու Հայ ազգային կոնգրեսը:

ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը: Նա ընդգծեց, որ այդ մասին իր կարծիքը նախկինում հայտնել է, և այն որևէ փոփոխություն չի կրել:

«Սահմանդրական բարեփոխումների մասով ինչ որ կար ասելու՝ արդեն ասել եմ: Քննարկել ենք, առաջարկություններ արել, մեր մտահոգություններն արել ենք, մարդիկ էլ հիմա աշխատում են, որևէ նոր բան ասել չեմ կարող»:

Մեր այն հարցին, թե նա լինելով 1995-ին և թե 2000-ին սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դեմ անձնավորություն՝ ի՞նչ է կարծում, իսկապես այս անգամ որևէ աննախադեպ բան կա՞ և արդյոք այդքան հանրային ու թափանցիկ է գործընթացը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Այո, քննարկվում է, Դուք գտնում եք, որ չի՞ քննարկվում, ես կարծում եմ, բոլորի հետ էլ քննարկվում է: Պարզապես տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեն, մենք դրա վերաբերյալ բաց նիստ արել ենք, և մեր կարծիքն այդ ամենի վերաբերյալ չի փոխվել»:

Մինչդեռ հասարակության հետ մինչ այսօր որևէ քննարկում սահմանադրական բարեփոխումների հետ կապված չի եղել: