Բիլ Գեյթսի հիմնադրամը 50 մլն դոլար կհատկացնի Էբոլա վիրուսի դեմ պայքարին


10:24 , 11 սեպտեմբեր, 2014

Bill-Gates--0111in.am-ը գրում է.

Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը, որը տեղակայված է ամերիկյան Սիեթլում, 50 մլն դոլար կհատկացնի Արևմտյան Աֆրիկայի երկրներում մահացու Էբոլա վիրուսի դեմ պայքարին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

«Վերջին 7-10 օրերին մեզ հայտնի է դարձել, որ համաճարակի տարածման արագությունն ու մասշտաբներն արագ աճում են»,- հայտարարել է հիմնադրամի զարգացման բաժնի նախագահ Քրիս Էլիասը:

Ինչպես հայտնել են հիմնադրամի ներկայացուցիչները, բոլոր միջոցները կուղղվեն ՄԱԿ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ամերիկյան կենտրոն և այլ միջազգային կազմակերպություններ, որոնք ներգրավված են վիրուսի դեմ պայքարում: Այս նվիրատվությունը կլինի ամենախոշորը հիմնադրամի գոյության պատմության մեջ: Միջոցները գլխավորապես կուղղվեն բժշկական նյութերի մշակմանը:

Ավելի վաղ հիմնադրամն արդեն 10 մլն դոլար էր տրամադրել արտակարգ միջոցառումների անցկացման, մահացու տենդի դեմ պայքարի շրջանակում բուժումների և հետազոտական գործունեության համար:

Երեքշաբթի ԱՀԿ-ն տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ մահացու վիրուսի զոհերի թիվը հասել է 2296-ի, իսկ վարակվածներինը՝ 4293-ի: