Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները ուշադրության և աջակցության կարիք ունեն


18:39 , 10 սեպտեմբեր, 2014


«Երբ առաջին անգամ հանդիպեցի կազմակերպության տնօրեն Նարինե Մանուկյանին, նա ներկայացրեց երեխաների իրավիճակը, ես էլ որոշեցի որպես կամավոր գրանցվել». քսանամյա Լիլիթն արդեն երկու տարի է, ինչ «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության կամավոր է: Այդ երկու տարիների ընթացում նա հասցրել է բացահայտել հաշմանդամություն ունեցող փոքրիկների ազնիվ աշխարհը և ընկերներին վարակել կամավորության գաղափարով: Կազմակերպության կամավորների մեծ մասը հենց Լիլիթի ընկերներն են, ում նա ծանոթացրել է այս երեխաների խնդիրներին, կազմակերպության նախաձեռնություններին, ինչն էլ նպաստել է, որ նրանք մեծ սիրով միանան կամավորական աշխատանքին: Նրանք բարեգործական համահալվածքներ են իրականացնում Երևանի տարբեր փողոցներում և շրջաններում: Հավաքված գումարով օգնություն է տրամադրվում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին՝ ապահովելով մասնակցությունը ձիարշավներին, լողին, այժմ արդեն նաև կավաբուժության թերապիաներին: Սակայն այս դրամական օգնությունից առավել կարևոր Լիլիթը համարում է շփումը փոքրիկների հետ:

«Եթե մարդիկ բացի իրենց հոգսերից մի պահ աչք թարթեն ու տեսնեն դիմացինի հոգսերը, իրենց հոգսերը գուցե անցողիկ լինեն, իսկ այս երեխաներն ու իրենց ընտանիքները իսկապես ուշադրության, օգնության կարիք ունեն: Այդ ուշադրությունն արդեն մեծ օգնություն է, որով փոքրիկները կլրացնեն շփման պակասը» , - նշում է Լիլիթը:

Նա մաղթեց, որ բոլոր երեխաները լինեն առողջ և ապահով, որպեսզի նմանատիպ կազմակերպությունների կարիք այլևս չլինի: Բայց քանի դեռ իրականությունը հեռու է թվում ցանկալիից, մենք էլ միանանք և օգնենք:

Եվ հիշենք, որ, ինչպես նշում է Լիլիթը. «Այս երեխաներին հասկանալու համար, պետք է շփվել և հայտնվել իրենց փոքրիկ աշխարհի մեջ: Նրանք աշխարհի միակ անմեղ էակներն են: Նրանց մաքրությունն ու բարությունն աչքերում է, որոնք այնքան երազկոտ են ու թախծոտ»: