Նախքան կդատապարտես, մտածի՛ր արդարացում գտնելու մասին


18:30 , 10 սեպտեմբեր, 2014

 Վերնագիր դարձած վերոհիշյալ հորդորը մարդասիրության կարեւոր սկզբունքներից է եւ անմեղության կանխավարկածի հիմքը: Իսկ ցանկացած դատավոր պետք է մարդասեր լինի, այլապես չի կարող արդարամիտ լինել: Հետեւաբար նշված միտքը նաեւ արդարադատության հիմնասյունն է: Եթե պատժելու պատվեր չես կատարում, ապա մեղադրելուց առաջ պետք է փորձես արդարացման բոլոր հնարավորությունները: Եթե դրանք սպառվում են, պիտի փնտրես գտնես մեղմացուցիչ բոլոր հանգամանքները: Եթե դրանք էլ են սպառված, պիտի հակված լինես օրենքի թույլատրած ամենամեղմ պատժին: Անշուշտ, եթե քո այդ բոլոր մարդասիրական հնարավորությունները ապրանք չես դարձրել եւ աճուրդի չես հանել: Փորձառու հայաստանցի իրավաբանը այստեղ հեգնական կժպտա. բա ինչի՞ համար է ինքը բազում զոհողությունների գնով իրավաբան դարձել, պաշտոն ձեռք բերել: Այդ, մեղմ ասած, զոհողությունները պիտի փոխհատուցվե՞ն, իրենց արդարացնե՞ն, թե՞ ոչ: Հասկանալի է: Բայց մի բան է՝ կաշառք ակնկալել խարդախ-խաբեբայից, գող-ավազակից, միտումնավոր խստություն դրսեւորել մանկապիղծի կամ թմրաբիզնեսի կազմակերպչի հանդեպ, մի այլ բան է նույնպիսի վերաբերմունք դրսեւորելը պատահմամբ ուրշին վնաս պատճառածի կամ, առավել եւս, երկրի ու ժողովրդի ապագայի համար մտահոգ ցուցարարի նկատմամբ: Առաջին դեպքում հասարակությունը կարող է ինչ-որ բան չնկատելու տալ, բայց երկրորդ դեպքում այդ ինչ-որ բանը այլեւս ինչ-որ բան չէ, այլ շահամոլություն ու դաժանություն, ստորություն ու տմարդություն: Սրանք շատ քաղաքակիրթ ու մեղմ որակումներ էին: Ավելի տեղին կլինեին մի քանի յոթհարկանի հայհոյանքներ: Անշուշտ, ամենքդ էլ գիտեք դրանք, բայց կրկնե՛ք միայն մտքում: Միեւնույնն է՝ տեղ կհասնի: Անեծքներն էլ տեղ կհասնեն: Բայց թող բանը դրանց չհասնի: Դատավորը՝ ինչքան էլ դատավոր, բայց նա հո իր ու ժողովրդի թշնամին չէ՞: Որքան էլ դաժանության պատվիրատուները նրան պատին սեղմած լինեն, նա հո կարո՞ղ է այնպես անել, որ իր խիղճը մաքուր մնա: Թեկուզ դա արժենա պաշտոնաթողություն: Մեկ է, տաշած քարը գետնին երկար չի մնա: Ճնշումները եւ ճնշում գործադրողներն էլ հավերժ չեն: Իսկ խիղճը եւ պատիվը հավերժ են: «Ա՜խ, երանի՜, ով մարդ կգա ու մարդ կերթա անարատ», - ասում էր անմահ Թումանյանը: Ժողովուրդն էլ ասում է. «Ամենակարեւորը՝ մարդս մարդ լինի»: Հայկական ռադիոյին հարցնում են. - Կարո՞ղ է մարդը տեղավորվել զուգարանակոնքում: - Այո՛, եթե մարդը ք. է… Այս կյանքում ամեն մարդ մենակ է իր խղճի եւ սրտի հետ: Ու որպեսզի իր խղճի ու սրտի առաջ ամոթով չմնա, պիտի ամեն ինչ անի, որ զուգարանակոնք նետվելու արժանի չդառնա: Եթե նույնիսկ դատախազ է, դատավոր է, ոստիկան կամ երկրի նախագահ: Կա այսպիսի իմաստախոսություն. «Որպեսզի չարը հաղթի, բավական է, որ բարի մարդիկ ոչինչ չանեն»: Բարի մարդկանց հաճախ թվում է, թե բոլորն իրենց նման բարի են: Մինչդեռ բարու հաղթանակի համար պետք է պայքարել: Գաղտնիք չէ, որ այսօր ճաղերի հետեւում բազմաթիվ անմեղ մարդիկ կան: Նրանց այդտեղ բերել է ցավալի պատահականությունը կամ թյուրիմացությունը, երբեմն էլ՝ ինչ-որ մեկի նենգությունը: Իրավապահ մարմինները, տառակեր լինելով (կաշառակերության ու պատվիրված կողմնակալության մասին չենք կրկնում), կարող են ոչ համարժեք դաժանությամբ դատավճիռներ կայացնել: Այստեղ անհրաժեշտ է մեր քաղաքացիական հասարակության վերաբերմունքը: Վարդան Պետրոսյանը մեզ համար ազգային արժեք է, որը մեծապես վտանգված է: Նա պատահականության զոհը դարձավ եւ ընկավ իրավապահների ձեռքը: Բայց տեսե՛ք, Մոսկվայում 14 զոհի պատճառ դարձած հայ վարորդի խափանման միջոցը նախքան դատը փոխեցին եւ կալանքից ազատեցին, իսկ 2 զոհի պատճառ դարձած Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը ոչ մի կերպ չփոխվեց նույնիսկ մի մեծ խումբ մտավորականների ու պատգամավորների միջնորդության ու երաշխավորության պարագայում: Պատճառը պարզ է: Իշխանությունները առիթից օգտվում եւ չարախնդորեն պատժում են իր ոտքով թակարդն ընկած տաղանդավոր դերասանին, որը հանդգնել է հրապարակորեն քննադատել բարձրաստիճան իշ-խան-ավորներին: Էլ ինչքան ուզում ես, խոսի՛ր ազգային շահից, մեծահոգությունից, ներողամտությունից, մարդկայնությունից: Դրանց բացակայությունը թույլ չի տալիս ականջալուր լինել բարի մարդկանց խոսքին: Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված են մի խումբ երիտասարդներ, որոնց խիղճը թույլ չի տալիս մրջյուն անգամ տրորել: Նրանք նույնպես ազգային արժեք են: Բայց նրանք ընկել են մի կողմից՝ Շանթ Հարությունյանի, մյուս կողմից՝ ոստիկանության լարած թակարդը, եւ արդեն ավարտին է մոտենում ստահոդ մեղադրանքներով նրանց թատրոն-դատավարությունը: Պարզվում է՝ հայկական ռադիոյի ծաղրին արժանի արարածների պակաս մենք չունենք: Իսկ ահա իր ձայնը հնչեցնելու ընդունակ ազնիվ ու սրտացավ մարկանց պակասը ահագնացող չափերի է հասնում: Ներհասարակական տեղաշարժերի այս բացասական ընթացքը կարող է մեզ հասցնել մի այնպիսի իրավիճակի, որը վտանգավոր կլինի բոլորի համար, ինչպես ստալինյան ժամանակներում, երբ անմեղ մարդուն պատժել տալուց հետո վերացնել էին տալիս պատժողներին, հետո էլ դրանց վերացնողներին, եւ այդպես շարունակ: Ճիշտն ասած՝ հիմա իրավիճակը Հայաստանում շատ ավելի վատ է: Հիմա իրենց խիղճը լռեցրած քարսիրտ պատժողներին ոչ թե վերացնում են, այլ այնպես խրախուսում ու կաշառում, որ սրանք, մարդկայնությունը իսպառ կորցրած, ոչ միայն զուգարանակոնքում կտեղավորվեն, այլեւ հանգիստ կանցնեն կոյուղագծերի ամենանեղ անցքերով անգամ... Ազնիվ, բայց լուռ մարդիկ պիտի հիշեն, որ նման իրավիճակում իրենք իրենց լուռ անտարբերությամբ դառնում են հանցակիցներ եւ պիտի պատասխան տան իրենց խղճի առաջ: Երբ ազնիվ մարդիկ լռում են, ազնիվ ներկայացող նենգամիտները կամ անխելքները ավելորդ աղմուկ են սարքում, ավելի թեժացնում իրավիճակը՝ հաճախ արջի ծառայություն մատուցելով իրենց պաշտպանյալներին: Այդպես եղավ նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ, երբ Հայկ Կյուրեղյանը գազային խաղալիք ատրճանակով եւ ռումբի կեղծ ահազանգով միջադեպ հրահրեց եւ համալրեց բանտարկյալների խումբը՝ հրճվանք պատճառելով գործի ձգձգմամբ շահագրգռված Շանթին: Իսկ ահա թուրքիայի հասարակությունը թերեւս ավելի լավ գիտի՝ ինչպես պայքարի իր շահերը պաշտպանել փորձող ակտիվիստների ազատության համար: Հայտնի է, որ հունիսի 18-ին Թուրքիայի դատարանը ազատ արձակեց «Վարյոզի» գործով բոլոր (մի քանի տասնյակ) ձերբակալվածներին, որոնք մեղադրվում էին իշխանությունը տապալելու փորձի համար (պատկերացնո՞ւմ եք): Հատկապես նոյեմբերի 5-ի գործի շուրջը շատ են այդ գործի քաղաքական կողմը շահարկողները: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր «մարդու իրավունքների պաշտպանության» անվան տակ այսպիսի գործերը թեժացնելու, դրանց շուրջ անհարկի աղմուկ բարձրացնելով երկարաձգելու, բարդացնելու համար արտասահմանից փողեր են ստանում: Դա է պատճառը, որ Շանթի պես խեղկատակին փորձում են հերոսացնել, նրան հեղափոխականի կերպար վերագրել: Շանթի ուզածը գուցե դա է: Բայց Շանթի պատճառով բանտում հայտնված մյուս տղաների ու նրանց հարազատների ուզածը հաստատ դա չէ, եթե ինչ-որ ուժեր նրանցից ոմանց նորից չեն մոլորեցրել ու հիմարացրել: Այդ տղաները պիտի հասկանան, որ իրենք գործիք են դարձել, որով մի խումբ կեղծ բարեպաշտներ ու վայ այլախոհներ փող են աշխատում: Պատահական չէ, որ այդ տղաներին ու նրանց հարազատներին ոմանք կողքից «հուշում» ու վախեցնում են, թե իրենց սխալն ընդունելու դեպքում տղաները իբր կդառնան դավաճան, ԱԱԾ-ի գործակալ եւ այլն: Բայց իսկական դավաճանները հաճախ ամենից բարձր են հոխորտում: Իսկ ճշմարտությունը հականալը, թացը չորից ջոկելը բնավ էլ դավաճանություն չի նշանակում: Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 5-ի գործը շատ շերտեր ու նրբերանգներ ունի, որոնք դեռ լրիվ չեն պարզաբանված: Դրանք պետք է հատուկ ուշադրության առարկա դառնան իրավապահների, հատկապես գործը վարող դատավորի եւ դատախազի համար: Նրանց մի՞թե չի հետաքրքրում, թե այս գործում ինչ դերակատարություն ունի Շանթի հոր հիմնած «Հայաստանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն» ԱՄՆ-ում, ովքեր էին Շանթին խոստացել զանգվածաբար միանալ խաղաղ երթին (կամ գուցե հեղափոխությա՞նը), բայց խաբեցին, ովքեր են Շանթի արկածախնդրության զոհ դարձած ամբաստանյալներին համառորեն համոզում, որ նրանք ամեն ինչ անեն քաղբանտարկյալ համարվելու նպատակով... Մտածելու եւ հաշվի առնելու շատ բան կա զուգարանակոնքի ապրանք չդառնալու համար: Ցավոք, մեր իրականության մեջ ք. մարդիկ դարձել են նախանձի առարկա, եթե շատ փող ունեն (կապ չունի՝ որտեղից): Բայց ք.-ն մնում է ք., եւ նրա տեղը վերջին հաշվով կոյուղին է: Իսկ ո՞ր նորմալ, առողջ, չփչացած մարդն է ուզում ք. դառնալ... Այնուամենայնիվ մի բան ակնհայտ է: Բազմաթիվ խոշորամասշտաբ գողեր, ավազակներ, մարդասպաններ, խարդախներ բոլորի աչքի առաջ անպատիժ ու անխնա վայելում են այս կյանքը եւ իրենց այս երկրի տերը զգում: Բայց հերիք է՝ մի անմեղ մարդ դրանց էշին չոշ ասի, հայտնվում է ճաղերի հետեւում եւ դաժանորեն պատժվում: Այդպիսի դաժան հաշվեհարդար է ենթադրում նոյեմբերի 5-ի գործով դատավարության պետական մեղադրողի՝ դատախազ Գեւորգ Գեւորգյանի մեղադրական ճառը: Դա իր դաժանությամբ ու անարդարությամբ գերազանցեց ստալինյան տրոյկաների վժիռները, գերմանական ֆաշիստների, թուրք ջարդարարների ու լենգթեմուրյան հրոսակների արարքները: Վերոհիշյալ երկու դատավարությունների հիշատակումը պատահական չէր: Երկու դեպքում էլ վերջնական վճիռը տալու է ոչ այնքան դատավորը, որքան երկրի նախագահը: Չէ՞ որ Վարդան Պետրոսյանը բեմից ծաղրանմանակել եւ հեգնել է նախագահին, իսկ նոյեմբերի 5-ի ցուցարարները Շանթի բերանով հոխորտացել են «ռագատկայով» վերցնել նախագահականը: «Այս ի՜նչ լրբություն, ի՜նչ հանդգնություն. փտեցնե՛լ դրանց բանտում», - կարող է լինել վերին հրամանը (Աստված չանի): Այդպիսով մենք եւս մի առիթ կունենանք պարզելու, թե ինչ տեղ ունի մեր նախագահը զուգարանակոնքում եւ կոյուղում…