14:12 , 10 սեպտեմբեր, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ավելի մեծ և ավելի բարակ. սպասված, քննարկված ու անկանխատեսելի 6-րդ սերնդի iPhone -ն արդեն իրականություն է: Կուպերտինոյի Flint Center կենտրոնում խնձորային ընկերության տնօրեն Թիմ Կուկը ներկայացրեց iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները: Դրանք նոր սերնդի Retina HD էկրաններ ունեն: iPhone 6-ի անկյունագիծը 4.7 դյույմ է, իսկ iPhone 6 Plus–ինը` 5.5 դյույմ:
iPhone 6-ն ունի 6.9 մմ հաստություն, Plus-ը` 7.1: Երկուսն էլ ավելի բարակ են, քան 7.6 մմ-անոց iPhone 5S-ը: Նոր սմարթֆոններն աշխատում են A8 պրոցեսորով, որի արդյունավետությունը 50%-ով ավելի է, քան A7-ինը: Սմարթֆոնները կունենան 8 ՄՊ տեսախցիկներ, իսկ iPhone 6 Plus-ի տեսախցիկը կունենա նաև պատկերի օպտիկական հստակեցում, այսինքն՝ լուսանկար անելիս չեն ստացվի լղոզված պատկերներ, նույնիսկ եթե օգտագործողը նկարելիս ձեռքը շարժի:
iPhone 6-ի գինը ԱՄՆ-ում պայմանագրով, կախված հիշողությունից, կլինի 200-ից 400 դոլար: Մեծ iPhone 6 Plus-ը ավելի թանկ կլինի՝ 300-ից 500 դոլար: Երկու մոդելներն էլ առաջարկվում են արծաթագույն, ոսկեգույն և սև տարբերակներով: Սմարթֆոնների նախնական պատվերները մեկնարկելու են ուրբաթ օրը, վաճառքը կսկսվի սեպտեմբերի 19-ին: Մինչև տարեվերջ նախատեսվում է դրանք առաքել 115 երկիր:
Սմարթֆոնը նաև դրամապանակ է: Ներկայացրվել է նորաստեղծ Apple Pay վճարային համակարգը, որը աշխատում է Touch ID մատնահետքի սենսորով, Secure Element նոր ֆունկցիայով և NFC-ով: Այս կամ այն ծառայության դիմաց վճարելու համար սմարթֆոնները պետք է միայն մոտեցնել տերմինալին և սեղմել Touch ID կոճակը: Հեռախոսը կորցնելու դեպքում օգտագործողը կկարողանա արգելափակել վճարումները Find my iPhone-ի միջոցով: Apple Pay-ը դեռ հասանելի կլինի ԱՄՆ-ում և կգործարկվի հոկտեմբերին:
Այն, ինչ կանխատեսում էին, բայց չէին սպասում, ներկայացվեց նաև բոլոր մրցակիցների նախանձի առարկա Apple Watch-ը: Խելացի ժամացույցի հեղինակն է Ջոնի Այվն է, գաջեթից կարելի է երաժշտություն լսել, օրացույցին հետևել, զանգեր կատարել, խաղալ: Կառավարումն էլ կլինի ժամացույցի պտուտակով: Apple Watch-ի շափյուղե էկրանից արձակվող ինֆրակարմիր ու լուսային ազդակների օգնությամբ հնարավոր է չափել կրողի սրտի զարկերը: Ժամացույցում ներառված է նաև Siri համակարգը, որը թույլ կտա ձայնային հրահանգներ կատարել: Ժամացույցի հետ առաջարկվում են 6 տարբեր գոտիներ՝ կաշվից և չժանգոտվող մետաղից` ներկայացված գունային մի քանի լուծուներով: Ժամացույցն ունենալու է երկու տարբեր չափեր, կաշխատեն միայն iPhone 5-ից սկսած տարբերակների հետ: Վաճառքը կլինի 2015-ից, գինը կսկսվի 349 դոլարից:
Թիմ Կուկը հրաժեշտ տվեց iPod Classic թվային նվագարկչին, այն հանվեց վաճառքից: Apple-ն արդեն ջնջել է լեգենդար նվագարկիչը իր պաշտոնական կայքից: Նոր ios 8-ը թարմացման համար հասանելի կդառան սեպտեմբերի 17-ից: Կարող են թարմացնել iPhone 4S-ից սկսած բոլոր գաջեթները: Apple-ը պաշտոնապես թողարկեց iOS 8 օպերացիոն համակարգի Golden Master տարբերակը` նախատեսված է մշակողների համար:
Տեսանյութն՝ այստեղ