13:54 , 10 սեպտեմբեր, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Սահակյանցների վաղեմի երազանքը վերջապես իրականություն դառնալու ճանապարհին է: Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն կենտրոնը մուլտիպլիկացիայի բոլոր սիրահարների համար բաց կլինի հաջորդ տարվա գարնանը: Անիմացիոն կենտրոնը հիմնելու համար Կառավարությունը 123 մլն դրամ է հատկացրել: 40-րդ դպրոցում տրամադրվել է 620 քմ տարածք: Շուտով դպրոցը կնորոգվի: Կենտրոնում լինելու է մանկական նկարչական դպրոց, կինոթատրոն, անիմացիայի դպրոց, մուլտիպլիկացիայի թանգարան, որտեղ ներկայացված կլինեն 70-80-ականներին ստեղծված մուլտերի եզակի կադրերն ու տիկնիկային մուլտիպլիկացիայի նմուշները:
Դավիթ Սահակյանցի համոզմամբ՝ անիմացիոն դպրոց ունենալու կարիքը վաղուց կար: Տարածաշրջանում քիչ դպրոցներ կան, որոնցում երեխաները կարող են շարժում հաղորդել իրենց ձեռքով նկարած պատկերներին: Այդ առումով դպրոցը եզակի է լինելու:
5 տարվա աշխատանքից հետո դեկտեմբերին մեծ էկրան է բարձրանալու Ղազարոս Աղայանի «Անահիտը» հեքիաթի հիման վրա նկարահանված անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմը: Ստեղծագործական անձնակազմը կատարում է վերջին շտկումները:
«Անահիտը» մուլտֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշըն»-ը սկսելու է նոր ծրագիր, որը կոչվելու է «Օլիմպիոնիկ»: Մուլտֆիլմը պատմելու է Հին Աթենքում Օլիմպիական խաղերի ժամանակ Վարազդատ արքայի նվաճած հաղթանակների մասին:
Տեսանյութն՝ այստեղ