Ինչպե՞ս պետք է ծանուցվի քաղաքացին տուգանքի վերաբերյալ. Հ.Սահակյանն է պարզաբանում


11:06 , 10 սեպտեմբեր, 2014

 Ինչպե՞ս պետք է ծանուցվի քաղաքացին տուգանքի վերաբերյալ. Հ.Սահակյանն է պարզաբանումPanorama.am-ը գրում է.

Ազգային Ժողովը 24-ժամյա ռեժիմում նախօրեին քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, մասնավորապես փոփոխությունը վերաբերում է 283 հոդվածի 6-րդ պարբերությանը: Նշենք, նախագծով սահմանված փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների վարման դեպքում արձանագրված իրավախախտումներին և դրանց համար սահմանված տուգանքների բռնագանձումներին: Այն սահմանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը, մասնավորապես` քաղաքացին իր վերաբերյալ կայացված որոշմանը պատշաճ ծանուցված կհամարվի, եթե նա անձամբ ստանա ծանուցագիրը և առկա լինի ստանալու մասին նրա ստորագրությունը: 

Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ նախագիծը մեկ նպատակ է հետապնդում` ապահովել քաղաքացու պատշաճ ծանուցման, իրազեկման իրավունքը: Այլ կերպ ասած` իրականացվի այդ սկզբունքը:

«Գործող նախագիծը կարգավորում է ընդամենը մի քանի տարբերակ և սահմանում է, որ եթե քաղաքացին, ենթադրենք, միտումնաբար չի նշել ճիշտ հասցեն կամ իր գտնվելու վայրը, ապա մենք առաջարկում ենք, որպեսզի դա արվի նաև հրապարակային` տուգանքը կամ ծանոցումը տեղադրվի կայքէջում: Բայց մենք առաջարկեցինք նաև տարբերակները դիտարկել, օրինակ, նաև SMS հաղորդագրությամբ ծանուցել, եթե դա հնարավոր է: Կամ` քաղաքացին ինքը որոշի, թե ինչպես իրեն ծանուցեն»,- տեղեկացրեց Հ.Սահակյանը:

Պատգամավորն ընդգծեց` նախագիծը լավն է և հենց այդ պատճառով է նաև, որ այն պետք է արագ ընդունվեր, որովհետև մի շարք քաղաքացիներ այս խնդրի հետ առնչվում են: Ինչ վերաբերում է ընդդիմության արձագանքին, ապա Հ.Սահակյանը մատնանշեց, որ նրանք ևս ողջունում են նախագիծը, սակայն խոսում մեկ այլ խնդրի մասին, որն իրականում այս օրենքով չէ, որ պետք է կարգավորվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ