«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին»:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 18.10-ի սահմաններում, ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Սամիրօղլուն: Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:
Artsakhpress.am