Ջայլամի քաղաքականությունը ոչինչ չի տալու


17:13 , 8 սեպտեմբեր, 2014

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական դատական նիստին մեղադրող Գևորգ Գևորգյանը իր մեղադրական ճառի ժամանակ առաջարկել է Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդուն՝ 5:
Մյուս ամբաստանյալներին դատախազն առաջարկել է դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետից մինչև 50 հազ. դրամ տուգանք:
Մեղադրող կողմը հազար ու մի իրավական փաստարկ կարող է բերել՝ իր առաջարկությունը հիմնավորելու համար:
Բայց այս գործը դուրս է միայն իրավական հարթությունից եւ ենթադվում էր նաև իշխանության քաղաքական վերաբերմունքը:
Առաջարկվող պատժաչափերը շատ խիստ են, կասեի՝ նույնիսկ անհամարժեք:
Եթե իշխանության ընկալմամբ՝ Շանթն ու մյուսները քրեական հանցագործներ են ու նրանց պետք է դատել օրենքի ողջ խստությամբ, ապա ցավում եմ, որ «վերևներում» անհրաժեշտ հետևություններ չեն արվել:
Շանթի քաղաքական գնահատականները միանգամայն ադկվատ են, շատ ավելի հստակ, քան այն ուժերինը, ովքեր զբաղեցնում են իշխանության կան ընդդիմության նիշերը:
Տղաների գործողություններում, այո՛, կա օրենքի խախտում, բռնության էլեմենտ, բայց նրանց, որպես քրեական հանցագործ դատելուց առաջ, հարկ էր քննարկել, թե ինչու նման բան հնարավոր եղավ Հայաստանում:
Արդյո՞ք Շանթն ու մյուսներն ունեցել են լեգալ դրսևորման բոլոր հնարավորություններն ու դիմել են ծայրահեղ գործողությունների:
Իհարկե՝ ոչ, որովհետև ոչ ոք ինձ չի կարող, օրինակ, բացատրել, թե քաղաքական ո՞ր լեգալ քայլով կարող եմ կանխել Սերժ Սարգսյանի անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի հայտարարության հետևանքները:
Արդյո՞ք Շանթի ու մյուսների արածներն ավելի դատապարտելի են, քան այն մարդկանց, ովքեր ընտրությունների ժամանակ «տոկոս են խփում»՝ խանգարելով, որ Շանթն ու ՀՀ մյուս քաղաքացիներն իրենց կամքով ձևավորեն իշխանություն:
Իհարկե՝ ոչ, բայց ընտրակեղծարարները, որոնց գործողությունները բերում են Շանթի ու մյուսների պատասխան արձագանքի, «արժեքավոր» մարդիկ են ու հաճախ իրենց իրավունք են վերապահում որոշել Շանթերի ճակատագրեր:
Իշխանությունն երկու ճանապարհ ունի՝ կամ շարունակել ոչինչ չնկատելու ջայլամային քաղաքականությունը ու խիստ պատիժ տալ տղերքին, կամ էլ՝ լրջորեն քննարկել. թե ինչու տեղի ունեցավ Շանթի ու մյուսների արածները՝ բավարարվելով այնպիսի պատիժների սահմանմամբ, որոնք կապ չունեն անազատության հետ:
Առաջին ճանապարհն ոչ մի տեղ չի տանում. ոչովհետև խիստ դժգոհ հասարակության նորանոր Շանթերով հնարավոր չէ պարբերաբար լցնել բանտերը:
Դրանից մեր պետության ու քաղաքական համակարգի որակն ավելի լավը չեն դառնում...
Հետո բոլորս՝ նախագահից սկսած, շարքային քաղաքացով վերջացրած, գիտենք, ներքուստ համոզված ենք, որ Շանթն ու մյուսները հանցագործ չեն, բայց սիրում ենք ջայլամի նման գլխուխներս ավազի մեջ մտցնել ու խախանդ ապրել...