Ուորլիքը արդյունավետ է գնահատել Սարգսյանի և Ալիևի հանդիպումը


10:31 , 5 սեպտեմբեր, 2014

unnamed1in.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դրական է գնահատել երեկ Ուելսում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև-Քերի եռակողմ հանդիպումը:

«Ուելսում Ջոն Քերին արդյունավետ զրույց ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք երեկ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա և պետք է բացառել իրավիճակի սրումը: Նա կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության սրումը թուլացնելու և կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար:

Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը: