20:20 , 2 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Սոցցանցերը՝ ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը կամ Instagram-ը, մարդկանց դարձնում են չվստահող ու ստիպում նրանց զգալ կյանքից անբավարարվածություն: Այդպիսի եզրակացության են եկել իտալացի երկու գիտնականներ՝ Ֆաբիո Սաբատինին՝ Հռոմի Լա Սապիենցա համալսարանից, և Ֆրանչեսկա Սարացինոն՝ Լյուքսեմբուրգի համալսարանից: Այս մասին գրում է MIT Technology Review-ն:
Տվյալներն ստացվել են 50 հազար մարդու զանգվածային հարցման արդյունքները մշակելուց հետո: Հարցումն անցկացրել է Իտալիայի ազգային ինստիտուտը՝ 2010 և 2011թթ.:
Հարցման մասնակիցներին հարցրել են այն մասին, թե որքանո՞վ են նրանք գոհ իրենց կյանքից, ու խնդրել են զգացումը արտահայտել 0-10 միավորանոց սանդղակով:
Նրանց նաև հարցրել են, թե որքա՞ն հաճախ են նրանք հանդիպում ընկերների հետ իրական կյանքում, ի՞նչ սոցցանցերից են օգտվում, ինչպիսի՞ մարդկանց կարելի է վստահել:
Վերլուծության ենթարկելով պատասխանները՝ Սաբատինին ու Սարացինոն պարզել են, որ հարցվածները իրենց ավելի երջանիկ են զգում ու ավելի շատ են վստահում մարդկանց, եթե նրանց տեսնում են իրական կյանքում, սոցցանցերում հակառակը՝ նրանք կասկածամտորեն են վերաբերվում մյուսներին: