15:55 , 30 օգոստոս, 2012
Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ: Մեր կազմում այսօր կհանգստանա Վլադիմիր Հակոբյանը: Կարելի է ասել, որ այսօրվանից սկսվում է Օլիմպիական խաղերի հիմնական մասը: Առաջին երկու խաղափուլերում առաջատարները հանդիպում էին իրենց զգալիորեն զիջող թիմերի, իսկ այսօրվանից արդեն սկսվում են լուրջ մրցակիցները:Իսպանիայի հավաքականում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Թիմից հեռացել է երկարամյա առաջատարը`Ալեքսեյ Շիրովը, իսկ բոլորովին վերջերս թիմը համալրել է Օլեգ Կորնեևը: Իհարկե ոչ լիարժեք փոփոխություն է, սակայն Կորնեևը նույնպես բազմափորձ շախմատիստ է: Ներկայումս թիմը գլխավորում է Ֆ. Վալլեխոն, որն ունի բազմաթիվ Լիներեսների փորձ: Հարկ է նշել նաև, որ նա երկար ժամանակ աշխատել է տարբեր սուպեր-գրոսմայստերների, օրինակ ` Թոփալովի հետ: 2-րդ խաղատախտակին խաղում է Ի. Սալգադոն: Բավական է նշել, որ նա այն շախմատիստն էր, որը նախորդ Օլիմպիադայի վերջին խաղափուլում հաղթեց Պ. Սվիդլերին, որի արդյունքում Ռուսաստանի հավաքականը զրկվեց չեմպիոնի կոչումից: 3-րդ խաղատախտակի վրա հանդես է գալիս բազմափորձ Մ. Իլլեսկասը: Նա առաջին իսպանացի շախմատիստն է, որը երկար տարիներ ներկայացնում էր Իսպանիան Լինարեսի գեր-մրցաշարում, իսկ այնուհետև հանդիսանում էր Վ. Կրամնիկի երկարամյա մարտավկաներից մեկը: