15:39 , 30 օգոստոս, 2012
Բարև ընթերցող ջան, երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, երբ սիրիահայ մեր հայրենակիցներիցներից մեկը բաց նամակ էր գրել, որտեղ մի այլ կարգի քլնգում էր սփյուռքի նախարարությունն էլ, Հայաստանն էլ, ոստիկանությունն էլ... մի խոսքով լավ ջղայնացած էր։
Գաղտնիք չի, թե ես ինչ կարծիք ունեմ նույն սփյուռքի նախարարության ու այլ պետական կառույցների մասին, սակայն մի հանգամանք կար, որ մի տեսակ դուրս չեկավ էդ նամակում՝ հեղինակը ոնց որ ժողովրդի երեսով էր տալիս ժամանակին իր ընտանիքի կողմից արված լավությունը ու դեռ մի բան էլ հայտարարեց, որ հարամ թող լինի։
Քանի որ իրավիճակը հստակ չէր ու բազմաթիվ «բայցեր» կային, որոշեցի սպասել, մինչև պետական մարմինների կողմից արձագանք ու պարզաբանումներ կլինեն։ Պարզաբանումներ եղան, ընդ որում ամեն մի պարզաբանումից հետո ավելի ու ավելի հստակ էր դառնում, որ տվյալ դեպքում պետական մարմիններին չի կարելի միանշանակորեն մեղադրել ինչ որ անարդարության ու սխալների մեջ։
Սկզբում պարզվեց, որ տվյալ ընտանիքը փաստաթղթային խնդիրներ է ունեցել, քանի որ առանց վիզա է ժամանել Հայաստան, իսկ ՀՀ օրենքով նախատեսված է, որ տամոժնիայում վիզա կարող են ստանալ մենակ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները, մինչդեռ տվյալ ընտանիքում երեխաներն ազգությամբ նշված էին որպես արաբ, որովհետև հայ էին մայրական կողմից միայն։
Այսքանով սակայն պատմությունը չավարտվեց, ընթերցող ջան։ ԱԱԾ-ն էլ պարզաբանումներ տվեց, որից հետո առնվազն ինձ մոտ էլ առանձնապես հարցեր չմնացին խնդրի իրավական կողմի նկատմամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ տվյալ ընտանիքի մտքին էլ չի եղել Հայաստան վերադառնալ, նրանք ի սկզբանե փորձել են Եվրոպա գաղթել, ինչը նրանց չի հաջողվել անել Թուրքիայից և միայն այդ ժամանակ նրանք ինչ որ պայմանավորվածություն են ձեռք բերել Հյաաստանում ապրող ինչ որ վիզայի «գործ դզողի» հետ, և Հայաստանը դիտարկել են միայն որպես տրանզիտային ուղի՝ ապօրինի էմիգրացիայի համար։
Հարց է առաջանում, բա որ տենց էր, էլ ինչու՞ էր նամակի հեղինակը հոխորտում Հայաստանի ու հայաստանցիների վրա և դեռ մի բան էլ անեծքներ անում ու ամոթանք տալիս։ Ստեղ են ասել, դե կներեք, ոչ փաստաթղթերդ են նորմալ, ոչ էլ Հայաստանի համար ա ուշքներդ գնում կամ այն ձեր վերջին ապաստանն էիք դիտարկել։ Էլ ինչու՞ պետք է պետությունը ինչ որ բացառություններ անի ու օրենք խախտելով թույլ տա, որ դուք հանգիստ կերպով ապօրինի ներթափանցեք Եվրոպա։
Ով ինչ ուզում է ասել, բայց այս պարագայում ես ոչ մի բանում չեմ մեղադրում պետական կառույցներին, իրենք գործել են իրենց իրավասությունների սահմանում։ Այո´, գուցե կարող էին բացառության կարգով լուծեին փաստաթղթային հարցերը, բայց հանուն ինչի՞, որ հետո էլ մեզ մեղադրեն, որ պետական մակարդակով հովանավորում ենք ապօրինի ներգաղթը Եվրոպա... Անձամբ ինձ դա պետք չի, իսկ քե՞զ։