Մուրացան


12:16 , 30 օգոստոս, 2012

1908թ. այս օրը Թիֆլիսում վախճանվեց գրող Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): 
Ծնվել է 1854թ. դեկտեմբերի 1-ին Շուշիում, որտեղ էլ արել է գրական առաջին փորձերը: 1878-ին Մուրացանը տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել է որպես հաշվապահ: 1881թ. գրել է «Ռուզան» պատմական դրաման, որը բեմադրվել է Հայ թատրոնի վարչության օժանդակությամբ և ճանաչման արժանացրել հեղինակին:
Հայ մեծահարուստները խոստացել են շնորհալի երիտասարդին ուղարկել արտասահման՝ կրթությունը շարունակելու, բայց շուտով մոռացել են իրենց խոստումը: 
Մուրացանն ստիպված հաշվապահի պաշտոնը համատեղել է գրական աշխատանքի հետ, իսկ կենսագրական այս դառն իրողությունից ծնվել է «Հասարակաց որդեգիրը» (1884թ.) պատմվածքը:
Մուրացանն իր գործերում խոր ցավով և իրատեսորեն է նկարագրել 19-դարավերջի հայ գյուղը, այնտեղ տիրող թշվառությունը, ժողովրդի ծանր վիճակը: Սակայն, որպես ռոմանտիկ մտածող, նա կարծում էր, որ ժողովրդին կարող են փրկել անձնազոհ ու կրթված անհատները՝ առաքյալները: Ավելի իրատեսական կերպարներ են Վեդունց Վանին («Նոյի ագռավը», 1899թ.) և Պետրոս Կամսարյանը («Առաքյալը», 1902թ.): 
Մուրացանի ռոմանտիզմը կատարելապես դրսևորվել է պատմական գործերում: Անձնվեր հայրենասիրությամբ են տոգորված «Գևորգ Մարզպետունի» (1896թ.) և «Անդրեաս երեց» (1897–1898թթ.) պատմավեպերը: «Գևորգ Մարզպետունին» Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: 
Մուրացանի անունով կոչվել են գրադարան, փողոցներ, դպրոցներ Երևանում, ՀՀ և ԼՂՀ այլ քաղաքներում ու գյուղերում: Շուշիում տեղադրվել է նրա արձանը: Երևանում գրողի անունով դպրոց է անվանակոչվել: