Առաջարկ. Հանրապետության Հրապարակում տեղադրել մեր էպոսի հերոսներին կերտող արձաններ


00:28 , 30 օգոստոս, 2012

Հարգելի հայրենակիցներ, համաքաղաքացիներ, քաղաքական և հասարակական կազմակերպություններ, ակտիվ նախաձեռնությունների մասնակից ոչ անտարբեր ՀՀ քաղաքացիներ, այն ինչի մասին ուզում եմ կիսվել ձեզ հետ, հուսով եմ, որ կհետաքրքրի, մտորելու տեղիք կտա և ակտիվ քննարկման առարկա կդառնա (այս միտքը վաղուց էր «դեգերում» իմ գլխում և այսօր, տեսնելով մի առաջարկ-նախաձեռնություն` այդ դատարկ տեղանքում կամարաձև շինություն կառուցելու վերաբերյալ, որոշեցի կիսվել և ձեր դատին հանձնել իմ տեսակետը): Հուսով եմ, որ համախոհներ կլինեն այս հարցում : Ստորև ձեր քննարկմանն եմ ներկայացնում եմ առաջարկությունս.
Հանրապետության Հրապարակի` Վ.Ի.Լենինի նախկին արձանատեղին մշտապես նույնականացրել եմ Հայաստանում իշխող գաղափարական դաշտի հետ ...
Նախախորհրդային տարիներին այդ տեղանքում էր գտնվում Երևանի հին թաղերից մեկի` Չարխի մայլի թյուրքաբնակ հատվածը` խորհրդանշելով Հայաստանի նվաճված լինելն օտարի կողմից, ՀԽՍՀ տարիներին այն ներկայանում էր Լենինի արձան-պատվանդանով` խորհրդանշելով բոլշևիկակոմունիստական գաղափարաբանությունը: ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո արձանն ու պատվանդանը ապամոնտաժվեցին, որով և վերջնականապես մեր երկրից հեռացավ կոմունիզմի ուրվականի գաղափարախոսությունը:
Եվ այդ տեղանքի դատարկության մեջ, առ այսօր, խոտ է ցանվում...
Բայց որքան էլ զարմանալի է, տեղանքը չդադարեց գաղափարաբանական խորհրդանիշ լինել ... Խոտ... Գաղափարական դատարկության խորհրդանիշ, խորհրդանիշ, որն առ այսօր բնութագրում է մեր պետության առաջընթացի անհայտ ու ավտոպիլոտ ուղին ...
Իսկ հայ ազգի հավաքական կերպար հանդիսացող էպոսյան հերոսներից մեկը` Սասունցի Դավիթը, կանգնած լինելով իրեն ոչ վայել տեղանքում, հարևանցիությամբ բանջարաբոստանային բացօթյա շուկայի, մանրախառնավաճառ կրպակների և երկաթգծային կայարանի, ինքնաբերաբար սկսել է խորհրդանշել ազգից առևտրաչարչիական և արտագաղթող ղարբ զանգվածի վերածվող հայությանը ...
Ելնելով վերոշարադրյալից, առաջացած գաղափարախոսական վակուումը լցնելու նպատակով, առաջարկում եմ ազգի հավաքական կերպարը մարմնավորող Սասունցի Դավթի արձանը տեղափոխել և տեղադրել Հանրապետության Հրապարակի վերոնշյալ տարածքում (Վ.Ի.Լ.-ի արձանի նախկին տեղում):
Հանրապետության Հրապարակն, էլ ավելի արտահայտիչ, իմաստալից և խորհրդանշական դարձնելու նպատակով, առաջարկում եմ տեղադրել հայոց էպոսի մյուս գլխավոր կերպարների նորաստեղծվելիք արձանները` հետևյալ դասավորությամբ.
1. Շատրվանային ջրավազանի դիմաց` Սանասար և Բաղդասար երկվորյակ եղբայրներին, հաշվի առնելով նրանց 1 և կես բուռ ջրից սաղմնավորվելը :
2. Արտաքին գործերի նախարարության դիմաց` Մեծ Մհերի արձանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա, իր բոլոր բնատուր շնորքների հետ միասին մեծ դիվանագետ էր (բանակցելով Մսրա Մեծ Մելիքի հետ` հաշտություն կնքեց և երկիրը խաղաղություն ձեռք բերեց):
3. Կառավարության դիմաց` Փոքր Մհերի արձանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա երկրում կարգուկանոն հաստատեց, մաքրեց թշնամիներից և վերջում փակվեց քարի` հավերժության խորհրդանիշի մեջ` ավանդելով, որ դուրս կգա այն ժամանակ, երբ ցորենը կդառնա ընկույզի չափ (դրանով կանխատեսում և ուղղորդում էր մեզ` դեպի Հայաստանի գիտատնտեսական զարգացման ուղու ապագան...):
4. «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի դիմաց` Քեռի Թորոսի արձանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ծագումով այլ երկրից էր, բայց մշտապես էպոսի համարյա բոլոր գլխավոր հերոսների կողքին էր, որպես ընտանիքի հավատարիմ բարեկամ և դաշնակից:
5. «Բիլայն-Արմենթելի» և «Կոնվերս բանկ»-ի համատեղ շենքի (ՀԱՄԽ-ի նախկին շենքի) դիմաց` շենքի միջնամասի բաժանարար կամարարից դեպի «Բիլայն-Արմենթելի» կողմ`Ձենով Օհանի, իսկ դեպի «Կոնվերս բանկ»-ի կողմ` Ցռան Վերգոյի (այս կերպարը խորհրդանշում էր նյութապաշտությունը) արձանները:
Հանրապետության Հրապարակի շենքերն իրենց գործնական նշանակությամբ ասես ի սկզբանէ հենց նախանշել են էպոսյան կերպարների գործունեությունը և այնպիսի զգացողություն է առաջացնում ինձ մոտ, որ թվում է, թե Ալեքսանդր Թամանյանն այդպես էլ կերպավորել է իր մտքում ...
Որքան գեղեցիկ ու իմաստալից կլիներ և մեզ և մեր երկիր այցելող հյուրերի համար նմանատիպ հրապարակը ...
Շնորհակալ եմ, որ համբերատար կարդացիք, հարգելի հայրենակիցներ: Ողջ լերուք: