Արցախուհու կոշիկներն ու Սիրիայի պատերազմը


11:07 , 29 օգոստոս, 2012

Վերջին շրջանում արցախցի երիտասարդներն ավելի ակտիվորեն են սկսել քննարկել սիրիահայերին օգնության ձեռք մեկնելու հետ կապված հարցեր. այս առնչությամբ ֆեյսբուքում նույնիսկ կոնկրետ առաջարկություններ են արվում տարբեր մարդկանց կողմից, ավելին՝ այդ առաջարկները տեղ են գտնում նաեւ լրատվամիջոցներում։

Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Ստեփան Գրիգորյանը իր նամակում իր եւ իր համագյուղացիների անունից սիրիահայերին ընդունելու պատրաստակամություն է հայտնում եւ հույս հայտնում, որ այն կդառնա մի մեծ ակցիայի սկիզբ: Երիտասարդը պատրաստ է գյուղում գտնվող իր երկրորդ տունը տրամադրել անվճար: Պատարայում առնվազն 5 ընտանիք եւս պատրաստ է նման քայլի, նշում է նա։

Սիրիայում գտնվող ծանոթներին օգնության ձեռք մեկնելու նպատակով փնտրելու փորձեր էլ են արվում, որոնցից մեկի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի լրագրող Լուսինե Մուսայելյանը՝ ներկայացնելով իր պատմությունը.

«Այսօր ինձ համար շատ հիշարժան օր է. ուրախությանս, հուզմունքիս չափ չկա, գրում է նա ու շարունակում,- պատերազմից ընդամենը երկու տարի էր անցել, ես 10-11 տարեկան երեխա էի: Այդ տարիներին մեր տներում հոսանք չկար, բայց հրապարակում մի քանի լապտերներ էին վառվում, ու ամռանը, քանի որ մեր տունը մոտ էր հրապարակին, երեխեքով գնում էինք հրապարակի լույսերի տակ խաղում։

Ու մի օր էլ խաղալիս տուրիստների մի խումբ անցավ հրապարակով, ու այդ խմբից մի աղջիկ մոտեցավ ու ինձ հարցրեց թատրոնի տեղը: Բացատրեցի ու այդ աղջիկը խնդրեց ուղեկցեմ իրեն, եթե հեռու չէ: Հեռու չէր եւ ես էլ ուղեկցեցի: Սփյուռքահայ էր: Քայլելով գնացինք դեպի թատրոնի շենքը. ճամփին ինձ հարցեր տվեց՝ ով եմ , քույր-եղբայր ունեմ, ծնողներս ինչով են զբաղվում, որտեղ ենք ապրում, ինչ եմ երազում դառնալ... Ես էլ ինչ կար պատմեցի: Էս աղջիկը շատ հուզվեց իմ պատմածից: Երբ հետ եկանք հրապարակ ու ես պիտի հրաժեշտ տայի իրեն, ինձ հինգ հազար դրամ տվեց ու ասաց՝ «ես վաղը գնում եմ, ինքս չեմ հասցնի քեզ համար նվեր գնել, էս փողը վերցրու, կգնաս քեզ համար մի նվեր կառնես իմ անունից»:

Ինչքան փորձեցի չվերցնել՝ չստացվեց: Ու հիշում եմ, որ ասացի՝ «բա որ մամաս հարցնի որտեղի՞ց քեզ էդ փողը՝ ես ի՞նչ պիտի ասեմ»։ Ինքն էլ պատասխանեց, թե՝ կասես Արփի Սանոսյանն է Սիրիայից եկել ու ինքն է նվիրել: Ես շնորհակալություն հայտնեցի, հրաժեշտ տվեցի ու գնացի տուն:

Հաջորդ օրը մամայիս ձեռքից բռնած գնացինք շուկա (այն ժամանակ հագուստի խանութներ գրեթե չկային) ու ինձ համար կոշիկ առանք՝ սեւ, կլոր քթով կոշիկներ: Իսկ այդ ժամանակ համադասարանցիներս հագնում էին «լակիռովաննի», փոքր կրունկով, մի քիչ սուր քթով կոշիկներ ու իրենք ինձ ասում էին «էդ ինչ բաբոյի /տատիկի/ կոշիկներ ես հագել»:

Արփի Սանոսյանի պատմությունը ես միշտ հիշել եմ:

Ղարաբաղում երբ ինտերնետ հայտնվեց ու երբ հասկացա ինտերնետի իմաստը, առաջին գործողությունը որ ես արեցի «Արփի Սանոսյան» անունը յանդեքսում, հետո ռամբլերում, ավելի ուշ՝ յահույում, գուգլում, սկայփում եւ ի վերջո ֆեյսբուքում փնտրելն էր: Ոչ մի կերպ չէի գտնում:

Միշտ ուզում էի գտնել եւ ասել, որ հիշում եմ իրեն: 

Վերջերս, երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, Արփի Սանոսյանին գտնելու միտքն ինձ հանգիստ չէր տալիս:

Ֆեյսբուքում ինչքան Սանոսյան ազգանունով մարդ գտա սկսեցի գրել: Ի վերջո, երկաար փնտրտուքներից հետո, տարբեր մարդկանց զանգելու միջոցով՝ Ամերիկայից մինչեւ Սիրիա, հեռախոսահամար գտա։ 

37 անգամ համարին զանգելով վերջապես պատասխան լսեցի.
-Ալո։
-Ալո, Արփի Դո՞ւք եք։
-Այո, ո՞վ է։
-Ես Ղարաբաղից եմ զանգում, երեւի ինձ չհիշեք, բայց եթե ժամանակ ունեք, փորձեմ հիշեցնել։
-Արդյոք, Լուսինե՞ է քո անունը....
-Այո։
-Ինչպե՞ս ես ջան, մայրիկդ, քույրիկներդ ինչպե՞ս են։ Երեւի մեծացել ես... Արցախը քեզմով գհիշեմ... չեմ հավատում, որ դու էլ ինձ ես հիշել եւ գտել. ինչպես գտար հեռախոսիս թիվը...

Շատ դժվարությամբ կարողացա իրեն պատասխանել. միայն ինձնից անկախ շնորհակալություն էի ասում ու հարցնում՝ ես ինչով կարող եմ իրեն օգնել... »։