Եվրոպացիները մտահոգված են, որ Հայաստանը դատարկվում է


14:29 , 24 օգոստոս, 2014
Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր

Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է, բայց ահագին մարդու ուշքն ու միտքն էն է, որ հարձակվի հակառակ ճամբարի երկրների վրա, հենց որ վտանգի աղբյուր հանդիսացող պետության անունը տաս։

Բայց ինձ ոչ թե հենց էդ պետության… այսինքն, Ռուսաստանի ու մնացած  երկրների հակասություններն են հետաքրքիր, այլ էն, որ Հայաստանի ղեկավարին մատով չկանչեն Կրեմլ ու թելադրեն, թե ինչ անի։ Մեկ էլ՝ էն, որ մի կողմից ռուսները հրաժարվում են պարմեզանից ու սաղմոնից՝ երբեմնի «սլավոն եղբայրներին» կործանելու խաթեր, մյուս կողմից, չեն դադարում զենք վաճառել իրենց «բարեկամ» Հայաստանի թշնամուն… Երբ որ Հարավային Կորեայի նախագահ Փան Քին Հեին մերժեց սպառազինություն՝ ռազմանավեր, սուզանավեր ու շարժական հրետանային սարքեր վաճառել նույն թշնամուն՝ Ադրբեջանին, «չցանկանալով նպաստել տարածաշրջանում լարվածության աճին»։

Ու թող ոչ մեկը չփորձի ինձ ապացուցել, թե հարավկորեացիները ռուսներից վատ գիտեն մի քանի միլիարդ դոլարի արժեքը։
Այ, էս պատճառով է, որ ինձ ժամանակավորապես հետաքրքրում են ռուսների, Պուտինի, բայց ոչ՝ իրենց թշնամի Ամերիկայի, Ավստրալիայի ու Լիտվայի կողմից իրականացվող անարդարությունները։
Երկրորդ մտայնությունը, նույն շարքից, «սովետի» փլուզման ողբն է, որի եվրոպական, ավելի ստույգ՝ եվրոպահայ վախ-վիշը լսեցի օրերս, ձախ-սոցիալիստ մի հոգևորականից. որ,
այ, քանի «սովետը» կար, Արևմուտքը վախենում էր իր քաղաքացիների դժգոհությունից ու անընդհատ բարելավում էր կենսապայմանները… Իսկ հիմա, եղբա´յր, վայրենի, ահավոր, սարսափելի, աղետալի կապիտալիստական ախորժակն է թելադրողը։ Ճիշտ է, «սովետն» ինքը մի կարգին երկիր չէր, ընդունում են դա ասողները, բայց համբերեիք, որ լավանար։
Մի պահ մենակ պատկերացնենք, որ Կրեմլում շարունակվեր բրեժնևյան, իսկ Ադրբեջանում հեյդարալիևյան ոճի կառավարումը։ Քառորդ դարում Արցախը կընկներ Նախիջևանի օրը, Սյունիքում ու ՀՍՍՀ ուրիշ սահմանամերձ շրջաններում ժողովրդագրական պատկերը կփոխվեր հօգուտ ադրբեջանցիների։ Իսկ երբ որ «սովետն» ի վերջո փլվեր,- մեկ է փլվելու էր,- Հայաստանից կմնար մենակ Երևանը, որտեղ կուսակցական ու անկուսակցական քաղքենիները ռուսերենը ճանաչել տված կլինեին պետական առաջին լեզու։
Եվ վերջապես կա մի երրորդ զարմանալի տվայտանք, որը զարգացած երկրների բախտին է առնչվում։
Խոսքն օրնիբուն ծամծմվող միջսեռային հարաբերություններին չի վերաբերում։ Թեման վառ պահողը ռուսական քարոզչություն է, որի նպատակը մեկն է. մարդկանց մտածել տալ, թե մենք ինչ կրնկի տակ ենք – տակ չենք, գոնե էդ փորձանքներից հեռու ենք։ Հայտնի չէ, ՌԴ-ում քանի հոգի է դրան հավատում՝ տեսնելով շուրջը տիրող բարքերը, բայց Հայաստանում, կեղծ տվյալներ պարունակող հրապարակումների ու տեսանյութերի տարածման միջոցով, ռուսական գործակալները կամ ազդեցության գործակալները զգալի հաջողությունների են հասել Եվրոպան բացասական կողմից ներկայացնելու գործում։ (Նույն եղանակով երևանյան սյուների թռուցիկներով քննադատական մտածողությունից զուրկ բնակչության աչքին վարկաբեկվել է հետանկախական ժողովրդավարական իշխանությունը, թեև արդեն երկու տասնամյակ է, ինչ ռևանշ է տեղի ունեցել)։
Չէ, ես ուրիշ մորմոքներ նկատի ունեմ. «Ֆրանսիա ֆրանսիացի չի մնացել, սաղ նեգր ու արաբ են լցվել»։ «Թուրքերը գրավել են Գերմանիան»։ «Ամերիկայի հերը «մեքսիկներն» են անիծելու, ոչ թե «սևերը», խելքները չի հասնում»։
Էդ  մարդիկ, ուրեմն, ուզում են, որ գնան Փարիզ ու «ֆրանսիացի»-ֆրանսիացիներ տեսնեն, Գերմանիայում՝ իսկական արիացիներ։ Ամերիկայում էլ՝ հանկարծ փողոցում իսպաներենը ականջները չվիրավորի։
Շարունակությունն՝ այստեղ