21:39 , 28 օգոստոս, 2012
«Պլացեբո» լատիներեն նշանակում է «ես դուր եմ գալիս»: Բժշկության մեջ այդպես են անվանում այն միջոցները, որոնք օժտված չեն բուժիչ էական հատկությամբ, սակայն բժիշկները դրանք ներկայացնում են ու հիվանդին նշանակում որպես արդյունավետ դեղա կամ բուժամիջոցներ: Ինչի՞ համար է պետք պլացեբոն: Պարզվում է` այն կիրառման բազմաթիվ տարբերակներ ունի: Այդ մասին առավելագույն տեղեկություն կարող են հաղորդել ամերիկացի գիտնականները, ովքեր երկար տարիներ ուսումնասիրել են պլացեբոյի ներգործությունը: «Պլացեբո» երևույթը կիրառման մեջ է դրվել 1894 թ.: Այդպես էին կոչվում այն «կեղծ» դեղահաբերը, որոնք բժիշկները նշանակում էին իրենց հիվանդ երևակայող կասկածամիտներին: Որպես կանոն՝ դեղահաբը չեզոք բաղադրիչներից էր կազմված, որոնք օրգանիզմին ոչ օգուտ էին տալիս, ոչ վնաս: Դրանք հիմնականում բաղկացած էին շաքարից, կավիճից, կալցիումի գլյուկոնատից...Որքան տարօրինակ է` շատ «հիվանդների» ինքնազգացողությունը «դեղահաբերն» ընդունելուց հետո իսկապես լավանում էր: Իսկ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ հիվանդանոցներում ցավազրկողների և թմրամիջոցների պակաս կար, դրանց փոխարեն սկսեցին ֆիզիոլոգիական լուծույթներ` «պլացեբո» օգտագործել: Եվ հաճախ դրանք ցավազրկող ազդեցություն էին ունենում: 1946 թ. Կորնելի համալսարանում առաջին գիտաժողովն անցկացվեց, որտեղ քննարկվեցին հիվանդների օրգանիզմի վրա պլացեբոյի ազդեցության հարցերը: Իսկ 1955 թ. բոստոնցի բժիշկ-անեսթեզիոլոգ Հենրի Բիչերը բժշկական հանդեսում հրապարակեց կլինիկական 15 փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն իրական հիվանդություններով տառապող մարդկանց գրեթե մեկ երրորդի առողջական վիճակը պլացեբո ընդունելուց հետո լավացել էր: Բիչերը գրել է, որ պլացեբոն կարող է «ֆիզիոլոգիական զգալի փոփոխություններ առաջացնել», որոնք կարող են ավելի արտահայտված լինել, քան դեղերի ուժեղ ներգործությունից հետո»: