Հայաստանի բաժանումը սկսվում է Գյումրիից


16:01 , 28 օգոստոս, 2012

Մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում իր դիրքերն ամրապնդեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մեծամասնական 4 պատգամավորական տեղերից 3-ը բաժին հասան հենց այդ կուսակցությանը: Սա իշխող «Հանրապետական» կուսակցության համար իրական պարտություն էր, եթե նաև հաշվի առնենք, որ համամասնական ընտրակարգով այս երկու կուսակցությունների հավաքած ձայները գրեթե հավասար էին: 
Նման դառը պարտության հիմնական մեղադրյալն ու քավության նոխազը դարձավ «աստվածավախ» քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Գյումրեցին 12 տարվա ընթացքում սեփական մաշկի վրա էր զգացել իրեն Գաբրիել հրեշտակապետի տեղը դրած քաղաքապետի հայաթափ շունչը: Ղուկասյանին թվում էր, թե պաշտոնը այլևս ժառանգական է տրվելու: 
Սակայն մղձավանջ կարծես սկսում է ավարտվել: Առանց կուսակցական աջակցության Ղուկասյան չէ, եթե անգամ Պուտին լինի, քաղաքապետ հազիվ թե կարողանա «ընտրվել»: Բայց դե ինչ իմանաս, ամեն ինչ հնարավոր է, Ղուկասյանը հավատացյալ մարդ է, բայց թե իրականում ինչի ու ինչպես է հավատում, «պետական գաղտնիք» է:
Գյումրու քաղաքապետի առավել հավանական թեկնածուն Սամվել Բալասանյանն է, ով իրավմամբ ընտրվելու մեծ հավանականություն ունի, գյումրեցիներն էլ կցանկանային նրան տեսնել համայնքի ղեկավարի պաշտոնին: Թերևս վերջինս իր ամենաթող պահվածքով ամենևին աչքի չի ընկել, ի տարբերություն արդեն իսկ «նախորդ» քաղաքագլխի:
Փաստը մնում է մեկը. տեղական ինքնակառավարումը Հայաստանում կայացած չէ: Ի վերջո, եթե տեղական ընտրությունների ամենամեծ ընտրատարածքում՝ Գյումրիում, դե ֆակտո հրամայողը բարձրագույն իշխանության կրողներն են, ապա մնացյալ համայքների ինքնուրույնության մասին խոսելն առավելագույնը միամտություն կլինի:
Արդեն իսկ սեպտեմբերի 24-ին ողջ հանրապետությունը կհստակեցվի երկու առաջատար կուսակցությունների ազդեցության գոտիները: Սակայն առանձին վերլուծության նյութ է Հանրապետական և Բարգավաճ թվացյալ հակամարտությունը, դրա նպատակները, հնարավոր արդյունքները և ազդեցությունը երկրի միջազգային իմիջի վրա: