Առակ՝ զայրույթի ու ցանկապատին հայտնվող մեխերի մասին


21:31 , 27 օգոստոս, 2012

Ապրում էին հայր ու որդի։ Որդին դյուրաբորբոք էր ու ինքն իրեն չէր կարողանում զսպել։ Մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ է տալիս ու պատվիրում ամեն անգամ, երբ չկարողանա զսպել զայրույթը, մի մեխ մեխի ցանկապատի սյունին։ Առաջին օրը սյունին մի քանի տասնյակ մեխեր են հայտնվում։ Հաջորդ շաբաթ նա սովորում է զսպել զայրույթը, ու մեխերի քանակն սկսում է օրեցօր կրճատվել։ Տղան հասկանում է, որ ավելի հեշտ է կառավարել ինքն իրեն, քան թե մեխել մեխերը։ Վերջապես գալիս է մի օր, երբ նա ոչ մի անգամ չի կորցնում ինքնատիրապետումը։ Պատմում է դրա մասին հորը։ Հայրն ասում է՝ եթե մի օր էլ կարողանա զսպել իրեն, կարող է սյունից մեկ-մեկ քաշել-հանել մեխերը։ Ժամանակն անցնում էր։ Գալիս է այն օրը, երբ սյան վրա ոչ մի մեխ չի մնում։ Այդժամ հայրը բռնում է որդու ձեռքն ու տանում ցանկապատի մոտ։
- Դու լավ գլուխ հանեցիր, բայց տեսնում ես՝ սյան մեջ որքան անցքեր են մնացել. այն այլևս երբեք չի կարող լինել այնպիսին, ինչպիսին առաջ էր։ Երբ մարդուն որևէ չար բան ես ասում, նրա մոտ էլ այս անցքերի նման սպիներ են մնում։ Ու որքան էլ ներողություն խնդրես, միևնույնն է, սպին մնում է։