Ի՞նչ կլինի հետո...(առակ)


00:01 , 19 օգոստոս, 2014

Մի հաջողակ գործարար մի անգամ լճի ափին հանգստանում էր, և միաժամանակ հետաքրքրությամբ հետևում թեթև նավակով ձկնորսության ելած ձկնորսի գործողություններին:
Ձկնորսին հաջողվեց որսալ բավականին մեծ մի թյունոս ձուկ, որից հետո նավակն ուղղեց դեպի ափ:
Հետաքրքրված գործարարը մոտեցավ ափին և ողջունեց ձկնորսին.
Շնորհավորում եմ, - ասաց նա: -Իսկ կարելի° է իմանալ, որքա°ն ժամանակ է ձեզանից պահանջվում այսպիսի որսի համար:
-Մեկ-երկու ժամ,- պատասխանեց ձկնորսը:
- Իսկ ինչու° ավել չեք մնում, շատ որսալու համար,- ձեռք չքաշեց գործարարը:
-Իսկ ի°նչ պետք է անեմ ավել ձուկը: Մեկ այսպիսի ձուկը բավարար է իմ ընտանիքի վաղվա օրվա համար, - ժպիտով պատասխանեց ձկնորսը:
-Հապա ի°նչ եք անում օրվա մնացած մասը, - հարցապնդումը շարունակեց գործարարը:
-Քնում եմ մինչև արևածագը, հետո նախաճաշում ենք, դրանից հետո խաղում եմ երեխաներիս հետ, սեր եմ անում կնոջս հետ, երեկոյան գյուղում զբոսնում եմ, մի քիչ գինի եմ խմում ընկերներիս հետ և զվարճանում կիթառ նվագելով և երգելով, - երջանիկ դեմքով թվարկեց ձկնորսը:
-Ես ավարտել եմ Հարվարդի համալսարանը և կարող եմ ձեզ օգնել կյանքդ ճիշտ կազմակերպել, - պնդեց գործարարը:
-Լավ, ի°նչ պետք է անեմ, - թերահավատ ժպիտով հարցրեց ձկնորսը:
-Դու պետք է ավելի շատ ձուկ որսաս: Երբ ավելի շատ որսաս, կարող ես վաճառել և քեզ համար կարգին նավակ և ձկնորսական պարագաներ գնես:
-Է, հետո°:
-Հետո ավելի շատ կկարողանաս որսալ, կվաճառես, և մի գեղեցիկ օր քո փոքրիկ տորմիղը կունենաս, - ինքնագոհ շարունակեց գործարարը:
-Լավ, բա հետո°:
-Հետո կբացես ձկնամթերքի քո գործարանը, - հպարտացավ գործարարը:
-Հետո°, իմա°ստը, - ժպտաց ձկնորսը:
-Հետո կվաճառես այդ ամենը, քաղաքում բնակարան կգնես և գործարանատեր կդառնաս, եզրափակեց գործարարը:
-Եվ որքա°ն ժամանակ կպահանջվի դրա համար:
- Տաս-տասնհինգ տարի:
-է, լավ, ի°նչ պիտի անեմ դրանից հետո...
- Հետո°... Հետո ծովի ափին կգնես մի խաղաղ տնակ, ընտանիքով երբեմն կգնաս այնտեղ, քեզ թույլ կտաս հանգստանալ քո ուզածի պես, վայելել թոռներիդ հետ շփումը բնության մեջ, խմել գինի և զվարճանալ բարեկամներիդ հետ...
-Ու դու առաջարկում ես ինձ կորցնել տասնհինգ տարի իմ և ընտանիքիս կյանքից, որպեսզի ես հետո ինձ թույլ տամ անելու այն, ինչը հիմա մեզ երջանկացնու°մ է, - հեգնանքով գործարարին ընդհատեց ձկնորսը: