14:01 , 17 օգոստոս, 2014
Ես կարծում էի, թե հազարանոցի վրա բարը բառ դարձնելուց հետո էդ վեճն այլեւ գոյություն չունի: Սխալվում էի: Ուզում եմ օգնել: Ամեն ինչ շատ պարզ է. պետք է «ստեղծագործական մոտեցում» դրսեւորել, չսեւեռվել միայն մեկ բառի վրա...
Արեւահամ բառ. չի կարող այդպիսի բան լինել, «իմաստային առումով» սխալ է, հետո ինչ, որ Չարենցը գրել է «բառ», բա իմ կարծի՞քը, հո բառը չես ուտում, որ համ զգաս, մենք շատ լավ գիտենք, թե ինչը կարելի է ուտել, իսկ ինչը՝ ոչ: Թեպետ... խոսքը մեր մեջ, արեւահամ բա՞րը որն է. ինչ-որ մեկը արեւ կերե՞լ է, որ արեւի համի մասին խոսի: Խնձորը խնձորահամ է, ծիրանը՝ ծիրանահամ, բայց եթե բանը դրան հասավ, ապա Վրաստանում ու Տաջիկստանում բարն ավելի արեւահամ պիտի լինի: Ուրեմն՝ սխալ են ոչ թե բարն ու բառը, այլ հենց արեւահամը: Կրկնում եմ՝ արեւը չի կարող համ ունենալ: Բայց պարզվում է, որ գլխավորը դեռ առջեւում է, որ ամբողջ բանաստեղծությունն այդ ոգով է գրված: Ծայրեծայր սխալ բանաստեղծություն է, ավելի ճիշտ՝ տեքստ, ինչպես էսօր ասում են:
Անմիջապես հաջորդ տողում՝ լացակումած լարը: Սա ի՞նչ բան է, լարը լացակումա՞ծ… Չի կարող լինել, չկա՛, լացակումած կարող է լինել այդ լարի արձակած հնչյունը, առնվա՜զն, մե՜ծ վերապահումով, ուրեմն՝ ճիշտ կլինի ասել՝ լարի լացացնող նվագը:
Բույրը վառման. էլի նույն սխալը: Վառմանը ջերմն է, բորբոքն է, վառն է. վառը լույսին կասեն, չէ՞, դպրոցականն էլ գիտի ախր, սա ի՞նչ աչքակապություն է, չեմ հասկանում:
Հետո. լիճը լուսե, այսինքն՝ լուսե լիճ… ի՞նչ ասես, մարդը երեւի մտածել է, որ Հայաստանը երբեք անկախ չի լինելու, ազատ կարծիք հայտնող չի լինելու, ոչ ոք չի նկատելու, որ լիճը չի կարող լույսից սարքած լինել. փայտե կամ փայտյա, բրդե կամ բրդյա. էլի դպրոցից հայտնի բաներ են, էնպես որ… լիճը պիտի լինի ջրե, եւ այդ մասին պիտի բարձրաձայն ասել…
Վիշապաձայն բուքը վսեմ. չէ միիիի՝ դինոզավրաձայն... թե ինչպես կարող է բուքը վսեմ լինել, թողնենք հեղինակի խղճին: Նաեւ երեւակայությանը, որովհետեւ բանաստեղծի մասին ենք խոսում, այնուամենայնիվ: Բայց երեւակայությունն էլ սահման պիտի ունենա չէ՞. վիշապաձայն բուք. չկա նման բան, վիշապը առասպելական կենդանի է, ո՞վ է վիշապ տեսել, ո՞վ է լսել վիշապի ձայնը, դե չէ էլի, չէ…
Անհյուրընկալ պատեր. հոգնեցի արդեն, ընդամենը մի բանաստեղծություն ու «իմաստային առումով» (խոստովանեմ՝ լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «իմաստային առումով», բայց դա ինչ կարեւոր է) էսքան անհեթեթություն. պատը ո՞նց կարող է հյուրընկալ կամ անհյուրընկալ լինել:
Երկաթագիր գրքեր. դուք երկաթով գրված գրքեր կկարդայի՞ք…
Հայաստան յարը. նույն արեւահամ բառն է: Բառը պիտի ուտելիք լինի, որ համ ունենա, Հայաստանը պիտի աղջիկ լինի, որ յար դառնա…
Հ.Գ. ...արեւահամ-արեւային-արեւազոր-արեւակիրք-արեւակամ-արեւաջեռ-արեւասուն-արեւահաս-արեւագին-արեւակուռ-արեւագոչ-արեւաշունչ ԲԱՌ...
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՒԱՀԱՄ ԲԱՌՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՒԱՀԱՄ ԲԱՌՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՒԱՀԱՄ ԲԱՌՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ