11:04 , 27 օգոստոս, 2012
Բացեցի աչքերս եւ զգացի, թե ինչպես է մարմինս ձեւափոխվում։ Պատուհանագոգին հենված հալվում էի։
Պատուհանից այն կողմ շենքերն ու փողոցները խեղդվում էին տապից ու օդ բարձրացած փոշուց։ Քաղաքն արդեն երկու շաբաթ անձրեւի երես չէր տեսել։
Փորձեցի դեմքս պոկել բռունցքներիցս, սակայն դունչս արդեն խառնվել էր ոսկորներիս, նույնացել էր։ Գլուխս շրջեցի հարեւան սենյակում մեկին տեսնելու եւ օգնության կանչելու հույսով, սակայն այնտեղ ոչ ոք չկար։
Մտածեցի հետս խաղ են անում, պախկվել, ետեւում են ինձ, բարձր ձայն տվեցի, ասացի, որ մարմինս տաքությունից ծորում է, հասնեն, փրկեն ինձ, սակայն միեւնույնն է ոչ ոք չարձագանքեց. եթե գլխիս օյին էին բերում, ապա նրանց դա միանշանակ հաջողվում էր։
Րոպեներ անց սթափվեցի մոտեցող ոտնաձայներից։ Նկատեցի, թե ինչպես է սենյակի անկյունից դեպի ինձ գալիս կարճահասակ մի տղա՝ ձեռքին թղթերի մի մեծ կապոց եւ մկրատ։ Մկրատը դրեց պատուհանագոգին՝ ուղիղ արմունկիս կողքին, ապա մոտեցավ մի փոքր հեռու գտնվող սեղանին եւ այնտեղից մատիտ վերցնելով՝ ետ եկավ դեպի ինձ։ Պատուհանագոգին շարեց թղթերը՝ իր մոտ պահելով ընդամենը մեկը։ Ծալեց այն մի քանի տակ եւ մատիտով վրան մարդուկ նկարեց։ Հետո կողքիս մկրատը վերցնելով՝ սկսեց կտրատել մարդուկին։ Ուշադիր ետեւում էի, թե ինչպես է մարդուկի գլխի կլորությունները զգուշորեն կտրում, իջնում վզով մինչեւ թեւ եւ աշխատում ձեռքի ափը չվնասել։ Երբ վերջացրեց, ուղղեց մարդուկի եզրերից մի փոքր դուրս ցցված մասերը եւ բացեց ծալծլած թուղթը. իրար ձեռք ձեռքի տված մարդուկներ էին ստացվել։ Դրեց ինձ մոտ։
Հանկարծ հիշեցի, որ տղայի գործողություններին ուշադիր ետեւելով լրիվ մտքիցս դուրս եմ գցել մարմնիս ձեւափոխվելու փաստը։ Ուզեցի բերանս բացել, բայց շրթունքներս արդեն իրար էին կպել: Մի քանի անգամ փորձեցի գոռալ։ Ձայնը փորիցս դուրս էր գալիս, կոկորդիս մեջ ղռղռում էր, հասնում բերանիս, պռոշներիս ներսի մասից ղդիկ էր տալիս ու դուրս գալ չկարողանալով՝ կամաց-կամաց հանգչում էր։ Եւս մի քանի ձախողված փորձից հետո լսված լինելու հույսս վերջնականապես կտրեցի։
Նայեցի դուրս՝ դիմացս շարված շենքերին. իմ պես անզոր տնգված էին, անշարժ, ոչ մի տեղ չէին կարող գնալ, ոչ ոքի հետ չէին կարող բառ փոխանակել, ով գիտի իրենք էլ ժամանակին իմ պես ձեւափոխվել, խորանարդի տեսք էին ստացել։
Ապագայում շենք դառնալու եւ մեջս հազար ու մի անծանոթ տեղավորելու մտքից դժգոհ ունքերս կիտել էի, երբ հանկարծ զգացի, թե ինչպես ինչ-որ մեկը վզիցս բռնեց. տաք-տաք մատներով ուժեղ սեղմել էր կոկորդս, շունչս կտրվում էր։ Վերցրեց, դրեց ձեռքի մեջ ու սկսեց ուշադիր զննել։ Վախս էր զննում, թե արդեն կապտած երեսս, չգիտեմ, բայց մեկ էլ էն զգացի, որ սկսեց գլուխս սեղմել դեպի ոտքերս։ Հասակս քչանում էր, լայնքս մեծանում։ Կոկորդումս ղռղռացող ձայնը նույնիսկ նրան չէր շեղում ինձ ճզմելուց։
Արդեն մի մատաչափ էի դարձել՝ թե հասակով, թե լայնությամբ, երբ սենյակ մտավ միջին տարիքի մի կին եւ տղային մոտենալով՝ նրան մի տուփ տվեց.
-Էդ թզուկին հանգիստ թող,- ասաց կինը,- պապան քեզ պլաստիլինի նոր տուփ ա բերել, վերցրու, սրանցով սարքի ուզածդ։