00:06 , 16 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Գերմանիայի հատուկ ծառայությունները մինչև 2013թվականը գաղտնալսել են ամերիկացի քաղաքական գործիչների հեռախոսազրույցները, այդ թվում նաև նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնինը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել են գերմանական ԶԼՄ-ները:
Այս տվյալների աղբյուրը Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին աշխատակից Մարկուս Ռ.-ի հրապարակած փաստաթղթերն են, ով այս տարվա հուլիսին ձերբակալվել է տեղի իրավապահների կողմից ԱՄՆ-ի ՀԿՎ-ի հետ համագործակցության կասկածանքով, գրում է Süddeutsche Zeitung-ը:
Երկու տարվա ընթացքում 31-ամյա տղամարդը իբրև թե 200-ից ավել գաղտնի փաստաթղթեր է հափշտակել և փոխանցել ամերիկյան կողմին:
Այդ փաստաթղթերից մեկում ասվում է, որ գերմանական հատուկ ծառայությունները որսացել են Քլինթոնի հեռախոսազրույցը, ով «կառավարական ինքնաթիռով անցել է հակամարտության գոտիներից մեկի մոտակայքով»: Դա պատահմամբ է արվել, «սակայն խոսակցության ձայնագրությունը չի ջնջվել միանգամից, ԴՀԾ-ի որոշ աշխատակիցներ կարդացել են այն»:
«Այն հետագայում է ոչնչացվել, որը հենց Մարկուսն է արել՝ նախապես այն պատճենահանելով և ՀԿՎ-ին ուղարկելով»,- գրում են ԶԼՄ-ները:
«Հավանաբար, նախկինում ամերիկացի քաղաքական գործիչների խոսակցությունները պարբերաբար որսացել և հետագայում վերլուծվել են»,- նշում է պարբերականը: Այդ գործունեությունը դադարեցվել է 2013-ի ամռանը՝ կանցլերի կարգադրությամբ: