ԵՄ արտադրողները կարող են շրջանցել մթերային էմբարգոն Բելառուսով և Ղազախստանով. ՌԴ-ն ցանկացած դեպքում կտուժի պատժամիջոցներից‏


23:31 , 14 օգոստոս, 2014

putin_thinks1in.am-ը գրում է.

Թե Եվրոպայում, թե Ռուսաստանում շարունակում են գնահատել Մոսկվայի կողմից ի պատասխան Արևմուտքի սեկտորային սահմանափակումների դեմ մտցված մթերային պատժամիջոցների հնարավոր վնասը։ Ռուսական էմբարգոն իսկապես կարող է ոչ այնքան ուժեղ վնասել եվրոպական երկրներին, քանի որ գոյություն ունեն ուղիներ, որոնցով կարելի է շրջանցել որոշ ապրանքների ներկրման արգելքը։ Հիմնականը Մաքսային միության երկրներն են՝ Բելառուսը և Ղազախստանը, որոնց հետ ՌԴ-ն, փաստորեն, սահման չունի։ Մինչդեռ ռուսական տնտեսության վրա պարենային պատժամիջոցները ցանկացած դեպքում վատ կանդրադառնան։

«Եվրոպական արտահանողներին, թվում է, դժվար չի լինի շրջանցել Վլադիմիր Պուտինի ագրոարդյունաբերական էմբարգոն»,- նշվում է Les Echos պարբերականում տպագրված հոդվածում։

Չնայած, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսային միության երկրների առաջնորդների հետ քննարկել է պարենային պատժամիջոցները, և մասնավորապես, Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է տարանցման ստուգման հարցում օգնել բելառուսական տարածքով, որևէ հիմք չկա ենթադրելու, որ Մինսկը և Աստանան իրենց կաշվից դուրս կգան, որպեսզի խանգարեն եվրոպական պիտակները տեղականներով փոխելուն և ապրանքները Ռուսաստան ուղարկելուն, ընդգծվում է հոդվածում։