18:44 , 14 օգոստոս, 2014Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանի կողմից վերջին ամիսներին հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև պատմական փաստերի աղավաղումն ու քարոզչությունը անհրաժեշտություն են առաջացնում ևս մեկ անգամ միջազգային հանրությանը հիշեցնել, որ Ադրբեջանն էր պատասխանատու ղարաբաղյան պատերազմի սանձազերծման, ինչպես նաև ներկայումս ստեղծված իրավիճակի համար: Այս թեմայով Panorama.am-ը զրուցել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհիՔերոլայն Քոքսի հետ, ով Լեռնային Ղարաբաղի պատերազմի ականատես է:
Խոսելով Ադրբեջանի այն դիրքորոշման մասին, որով վերջինս հանդես է գալիս տուժածի դիրքերից, Քերոլայն Քոքսն ասաց. «Ադրբեջանի պնդումը, թե հայերն են ագրեսոր սուտ է: Ադրբեջանն էր, որ Լեռնային Ղարաբաղում հայերի հանդեպ էթնիկ զտման փորձ արեց 1991-1992 թվականներին; Ադրբեջանն էր, որ կատաղի ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ. որպես ականատեսներ մենք այն ժամանակ գրանցեցինք, որ Ադրբեջանն օրական 400 «գրադ» հրթիռներ էր կրակում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա; Եվ ի վերջո Ադրբեջանն էր, ով իրականացրեց ռազմական հանցագործություններ և մարդկության հանդեպ հանցագործություններ՝ կոտորելով Մարաղա գյուղի խաղաղ բնակչությանը»:
Այն հարցին, թե արդյոք ըստ նրա Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական ցեղասպան քաղաքականությունը, կարող է դասվել այն հատուկ դեպքերի շարքին, երբ միջազգային իրավունքը թույլ է տալիս սեցեսիա (secession) (և անկախություն, ինչպես դա եղավ Կոսովոյի դեպքում), Բարոնուհի Քոքսը պատասխանեց. «Այո, Լեռնային Ղարաբաղը հենց այդ դեպքն է: Ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող հպատակվել Ադրբեջանի իշխանությանը, քանի որ նա բազմիցս ենթարկվել է էթնիկ զտումների և ցեղասպանության փորձերի Ադրբեջանի կողմից: Այս առումով կան բազմաթիվ փաստեր: Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյը բացահայտորեն հայտարարաել էր, որ եթե Լեռնային Ղարաբաղում որևէ հայ մնա, ապա իրեն կարող են կախել Բաքվի հրապարակում: Սա Լեռնային Ղարաբաղում հայերի հանդեպ էթնիկ զտման և ցեղասպանության բացահայտ քաղաքականություն է: Այս քաղաքականության բազմաթիվ փաստեր կան, որոնք մենք ներկայացրել ենք Ethnic Cleansing in Progress: War in Nagorno Karabakh աշխատության մեջ. մենք այնտեղ էինք որպես ականատեսներ: Ես հավատացած եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնքան իրավունք ունի անկախության, որքան Կոսովոյի ժողովուրդը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ