Առաջնթաց կա, դա անուրանալի է


14:28 , 25 օգոստոս, 2012

Ինձ համար անհասկանալի է, երբ մարդիկ անանուն, անդեմ, կեղծանունով բարբաջում են ինչ ուզում են, ինչպես ուզում են: Մարդկային այդ տեսակին չեմ ընդունում, համարում եմ վախկոտ եւ անողնաշար: Նրանք մշտապես գործում են թաքուն, դարանակալ, գաղտագողի, ավազակի, ծովահենի մարտավարությամբ ու հոգեբանությամբ՝ մշտապես թաքնվելով ինչ որ բանի հետեւում, մշտապես գտնվելով անճանաչված:
Ինչեւէ՝ լրագրողը, որը հոդված է գրում չնշելով իր անունը, առավել անհասկանալի է: Երեկ՝ ԲլոգՆյուզում այդպիսի մի լրագրողական թոթովանք կարդացի, բավականին սխալներով, որին դիֆերամբներ էին ձոնել ոստիկանատյացների ակումբի մշտական անդամները: Զարմանալի է, որ հայտնի գրաքննադատները եւ ուղղագրամոլները չգիտես ինչու չէին նկատել այդ «լրագրողի» սխալները եւ կրկին «ձեռնոց» էին նետել Ռ.Մելքոնյանին՝ ինձ: Հոդվածում հարգարժան լրագրողը փորձում է իր սահմանափակ, մակերեսային ու արդեն ինչ որ տեղ հնացած, ոչ արդիական ու ծեծված դատողություններով քննարկել մի ողջ համակարգի գործունեությունը, որի համար ինքը թեթեւ քաշային էլ չէ: Բայց լավ է, գոնե հիշում է, որ համակարգում կան գիտակ ու փորձառու, մարդկային հատկանիշներով օժտված աշխատակիցներ, ովքեր պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում իրենց աշխատանքին եւ հնարավորինս ծառայում են քաղաքացիների անվտանգության ապահովման գործին: Հարգելի լրագրող նրանք քիչ չեն, նույնիսկ բավական շատ են եւ Ձեր նշված երեւույթներն էլ կան, բայց դրանց մի մասը հնացած է, ինչպիսին Ձեր հոդվածի հոգնած ոստիկանի նկարն է շուրջ 7-8 տարվա վաղեմությամբ:
Կյանքում անթերի ոչինչ չկա, ոստիկանությունում՝ ինչպես բոլոր բնագավառներում թերություններ կա, բայց որ ոստիկանության համակարգում արդեն նկատելի, շոշափելի տեղաշարժ կա, դա փաստ է: Հասարակությունն ինքը ոստիկանության համար մի այնպիսի նշաձող է սահմանել, որ նույնիսկ յուրաքանչյուր վրիպում, փոքր սխալ կամ թերություն ստանում է հասարակական հնչեղություն եւ դառնում բուռն քննարկման առարկա: Չկա մի բնագավառ, որն անուղակիորեն անպայման չկապվի ոստիկանության գործունեության հետ, չմեղադրեն ոստիկանությանը նույնիսկ իրեն չվերաբերող բնագավառների սխալների ու բացթողումների համար:
Դրական տեղաշարժ կա նաեւ ոստիկանություն - հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ: Դանդաղ, բայց արդյունավետ փոխըմբռնման, հուզող հարցերի քննարկման, քաղաքացի - ոստիկանության աշխատակից՝ շփման եւ քաղաքակիրթ երկխոսության, բանավեճի մշակույթ է ձեւավորվում հատկապես «ՖԲ» սոցիալական ցանցում: Սակայն, զարմանալի է, որ քննարկումներին, բանավեճերին, ֆորումներին չեն մասնակցում մեր հարգարժան մտավորականները, քաղաքական - հասարակական գործիչները, իրական լրագրողները: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ խուսափում են հատկապես դրական կարծիքներ, մեկնաբանություններ կատարել, հասարակության մի որոշ ագրեսիվ շերտի հարձակմանը ենթարկվելու մտավախությունից: 
Հարգելի հասարակություն, հարգարժան մտավորականներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ հորդորում ենք նկատել նաեւ լավը, դրականը; Օգնեք մեզ, միայն փնովելը, քննադատելը, սեւացնելը, քարկոծելը այն ճանապարհը չէ, որը մեզ կտանի փոխըմբռնման եւ աշխատանքների բարելավման: Նույնիսկ հայհոյանքը իր գինն ունի եւ անվերջ օգտագործվելու դեպքում արժեզրկվում եւ դառնում է անիմաստ:
Քննադատությունը՝ իհարկե տեղին եւ օբյեկտիվ, կարեւոր է,բայց հարկավոր է տեսնել նաեւ լավը եւ օգնել ավելի սերտ 
դարձնել փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը:
Ես նաեւ հույս ունեմ, որ քննադատում եք ավելի լավը տեսնելու ակնկալիքով ու պետք չէ ինձ «ձեռնոց» նետել, ձեռք մեկնեք, օգնեք: Պետք չէ, որ նույն մարդիկ մշտապես նույնաբովանդակ, նույնաոճ մեկնաբանություններ կատարեն: Ձանձրալի է, ծիծաղելի ու աննպատակ...
Հասկանում եմ,ոմանք ինչ-ինչ պատճառներով կամ անկեղծ մտահոգությամբ դժգոհ են պետությունից՝ բնականաբար ոստիկանությունից: Սակայն մի մոռացեք, որ պետության արժանապատվությունը վերջին հաշվով կախված է պետությունը կազմավորող անհատներից, նրանց արժանապատվությունից: Ուրեմն եկեք արժանապատիվ լինենք մենք՝ բոլորս, որպեսզի արժանապատիվ պետություն կառուցենք, միասին՝ ձեռք-ձեռքի տված, առանց ձեռնոց նետելու...

Հ.Գ. Հերթական արտոնագիրը՝ ոստիկանատյաց,ուղղագրամոլներ:
Բարին ընդ ձեզ:

Լրագրողի գրառումը ոստիկանության վերաբերյալ կարդացեք այստեղ