20:37 , 13 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Դերասան Ռոբին Ուիլյամսի մահվան մանրամասների հրապարակումը սոցցանցերում քննադատության տեղիք է տվել՝ գրում է The Los Angeles Times-ը:
Օգտատերերի բացասական արձագանքը վերաբերել է Կալիֆոռնիայի Մարին շրջանի շերիֆի ներկայացուցչի և գլխավոր կորոների տեղակալի օգնական Քիթ Բոյդի ելույթներին:
Բոյդը մամլո ասուլիսին մանրամասն նկարագրել էր, թե ինչպես է հայտնաբերվել Ուիլյամսի մարմինը, ինչպես նաև հաղորդել էր մանրամասն տեղեկություններ դերասանի ինքնասպանության մասին:
Ինչպես նշում է պարբերականը, իրավապահի տվյալները քիչ էին տարբերվում այն հաշվետվություններից, որոնք վերաբերում էին ցանկացած այլ մարդու մահվան հանգամանքների ուսումնասիրմանը: Միաժամանակ իշխանությունները հազվադեպ են քննարկում նման տեղեկատվությունը տեսախցիկների առաջ: Մինչդեռ Բոյդի ելույթը հեռարձակվել էր հեռուստատեսությամբ ու համացանցով և քննադատության ենթարկվել սոցցանցերում:
Որոշ օգտատերերի կարծիքով՝ այժմ մարդիկ կկենտրոնանան այդ տեղեկությունների վրա, ոչ թե այն բանի, թե ինչպիսի մարդ է եղել Ուիլյամսը: Օգտատերերի մի մասի կարծիքով էլ՝ իրավապահների ներկայացրած տեղեկատվությունը չափազանց էր, կարելի էր բավարարվել միայն «ինքնասպանություն» բառով: