Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»


18:34 , 24 օգոստոս, 2012

200px-UlyssesCoverԻնչու՞ որոշեցի կարդալ այն ու ի՞նչ ճանապարհ անցա
Ընդհանրապես, երբ հարցնում են, թե այս կամ այն գիրքն ինչու եմ կարդում, շատ հստակ պատասխան եմ ունենում, որովհետև առանց պատճառի ոչ մի գիրք չեմ կարդում: Բայց «Ուլիսեսի» հարցն ուրիշ է ոչ թե նրա համար, որ առանց պատճառի սկսեցի կարդալ, այլ որովհետև պատճառները շատ են:

Իմ հին բլոգընկերները կհիշեն, որ մոտ մեկուկես տարի առաջ հանկարծ սկսել էի օրիգինալ տարբերակը կարդալ, բայց անտանելի դժվարության էի հանդիպել, որովհետև գրքում ծանոթագրություններ չկային, իսկ ծանոթագրությունների հանրահայտ գիրքը (Ulysses Annotated) այդ հրատարակությունը չէր ընդգրկում: Մի խոսքով, մի տասնհինգ-քսան էջ կարդալուց հետո խճճվեցի: Հետն էլ գրադարանի ժամկետները սեղմում էին, իսկ էդ շրջանում բավական զբաղված էի, որ ամբողջ ժամանակս տրամադրեի «Ուլիսես» կարդալուն ու ծանոթագրություններ փորփրելուն:

Բայց կարճ ժամանակ անց հայերեն տարբերակը նվեր ստացա (ներքևում կարտահայտվեմ այս հրատարակության մասին): Երևի էլի հավես չանեի գիրքը բացել, եթե եղբայրս չորոշեր կարդալ: Էդպես կիսագրազային իրավիճակ ստեղծվեց (միշտ ասում էի, որ գրազով հաստատ կկարդամ), ու իրար հետ մրցելով, նույն գրքի համար կռիվ անելով (որովհետև չգիտես ինչու օրվա նույն ժամերին էինք ուզում կարդալ), էջանշանների տեղերը փոխելով (որ դիմացինի գործը դժվարացնենք) սկսեցինք կարդալ: Անցյալ ամառ էր:

Նպատակ էի դրել, որ մինչև Հայաստանից գնալս պիտի վերջացնեմ, որովհետև էդ հսկայական գիրքը հետս տանողը չէի, իսկ անգլերենը դժվար կոմպով կարդայի: Բայց դե հենց հսկայական լինելու պատճառով չէի կարողանում հետս ման տալ (իսկ իմ պայուսակում միշտ մի գիրք պիտի լինի), իսկ մենակ քնելուց առաջ կարդալը շատ քիչ էր հատկապես էդ լարված օրերին, երբ արդեն պատրաստվում էի գնալ:

Երբ ձմռանը վերադարձա Հայաստան, մամաս ասեց՝ հաստատ էկել ես Ուլիսը վերջացնելու: Հա, իսկապես ուզում էի: Բայց էլի չհասցրի: Իսկ երբ էս անգամ էկա, նույնիսկ փորձ էլ չարեցի: Նենց մի տեսակ հանգիստ էի, գիտեի, որ հենց պահը գա, մինչև վերջ կկարդամ, ինչ լեզվով էլ լինի:

Էնքան հետաքրքիր էր, որ պահը հիմա եկավ, երբ որևէ մեկի հետ չեմ մրցում, որևէ մեկի հետ գռազ չեմ եկել, որևէ մեկի հետ չեմ պայմանավորվել, որ հանդիպենք, քննարկենք: Կարդացի իմ մենակության մեջ: Կարդացի գնացքներում, դասի ժամանակ, սրճարաններում, քնելուց առաջ: Կարդացի, որովհետև հիշեցի, որ շատ վաղուց ինքս ինձ խոստացել էի Իռլանդիա գնալուց առաջ անպայման վերջացնել, իսկ Իռլանդիա գնալու եմ մյուս շաբաթ (ասում եմ, ու հավատս չի գալիս): 

Վերջին երեք գլուխները կարդացի մի շնչով ու անկեղծ ասած փոշմանեցի, որ անցյալ տարի էի սկսել: Ֆայլը քինդըլիս միջից չջնջեցի. գուցե էլի ուզենամ կարդալ:

Հայերեն հրատարակությունը
Քանի որ «Ուլիսեսի» մասին ընդհանրապես շատ է խոսվել, ու ես դժվար կարողանամ որևէ նոր բան ասել, ավելի շատ կուզեի կենտրոնանալ հայերեն հրատարակության վրա, քանի որ գրքի երեք քառորդն էսպես թե էնպես հայերեն եմ կարդացել:

Երևի պետք էր, որ վերջին քառորդն օրիգինալով կարդայի, որ հասկանայի, թե ինչ ահռելի գործ է կատարել Սամվել Մկրտչյանն «Ուլիսեսը» հայերեն թարգմանելով: Ճիշտ է՝ շատ բառեր զարմացնում էին (օրինակ, էդպես էլ չհասկացա, թե չարուկրակն անգլերեն որ բառի թարգմանությունն է), տեղ-տեղ էլ ջղայնանում էի՝ հանդիպելով նոր տիպի տառադարձումների (օրինակ՝ Շեքսպիրի փոխարեն Շեյքսպիր. եթե հազար տարի սովորել ենք մի տարբերակին, ինչու՞  իզուր նորն առաջարկել), բայց ամեն դեպքում չեմ կարող չընդունել, որ ամեն բառ առանձին ընտրած էր, մտածված, հատուկ լուծումներ գտած: Ինձ դուր եկավ նաև թարգմանչի համարձակությունը: Ըստ էության, հենց թեկուզ էդպիսի տառադարձումներ անելը մեծ քաջություն է պահանջում, որովհետև դեմ ես գնում ընդունված կանոններին, իսկ էդ դեպքում քննադատությունները կարող են անպակաս լինել:

Գիրքն ընդհանրապես ավելի շուտ նման էր «Ուլիսեսի» հանրագիտարանի. ծանոթագրություններ ինչքան ուզես, Դուբլինի քարտեզ, գլուխների նշանակությունն առանձին տված ու էլի լիքը ուրիշ բաներ: Էդ կողմից լավ էր. էլ զանազան անուններ չես գուգլում: Գուցե թվա, թե ծանոթագրությունները ծանրացնում են տեքստը: Միայն սկզբում: Հետո սովորում ես: Ու եթե էնպիսի բան է, որ գլխի ես ընկնում հենց սկզբից կամ զգում ես՝ իմանաս-չիմանաս մի հաշիվ է, չես էլ նայում:

Կուզեի, այնուամենայնիվ, երկու շատ կարևոր թերություն նշել: Մեկը տպագրական սխալներն էին: Տպավորություն էր, որ մինչև տպագրվելը Սամվել Մկրտչյանից բացի ուրիշ ոչ ոք չէր ծանոթացել տեքստին, որովհետև ահագին շատ տպագրական սխալների հանդիպեցի, իսկ դրանք հեչ չէին սազում ներկայանալի հրատարակությանը: Մյուսն էլ, որքան էլ տարօրինակ լինի, ֆոնտն էր: Դժվարընթեռնելի բովանդակությանը միանում էր նաև դժվարընթեռնելի ֆոնտը, ու աչքերդ ցավում էին մի քանի էջ կարդալուց հետո: Մյուս կողմից, շատ հավանական եմ համարում, որ ես ու եղբայրս միակ մարդիկ էինք, որ հայերեն թարգմանությունը կարդացել է, ու գուցե Սամվել Մկրտչյանն ինքն էլ չէր նախատեսել, որ կհայտնվեն մարդիկ, որ կուզենան ծայրից ծայր կարդալ:

Տպավորություններս բուն գրքից
Դրանք կարելի է բաժանել երկու մեծ խմբի. տպավորություններս որպես գրելու ու գրականության սիրահար և տպավորություններս որպես Իռլանդիայի ու իռլանդական ամեն ինչի սիրահար:

Չեմ զարմանում, որ աշխարհում քիչ են էնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ կարդացել են այս գիրքը: Ավելի շատ զարմանում եմ, թե ինչպես է այն միշտ հայտնվում լավագույն գրքերի զանազան ցուցակներում: Ամենևին դեմ չեմ, որ Ջոյսի «Ուլիսեսը» բոլոր ժամանակների լավագույն գործերից է: Ուղղակի եթե մարդիկ չեն կարդացել, ինչպե՞ս է ընդգրկվում նման ցուցակներում:

Որպեսզի հասկանաք, թե ինչու է դժվար ընթերցվում, պատկերացրեք գիրք, որը սյուժե գրեթե չունի: Հետո պատկերացրեք, որ այն մոտ ութ հարյուր էջ է: Դրան ավելացրեք, որ հասկանալու համար լայնածավալ գիտելիքներ են պետք ամենատարբեր բնագավառներից (եթե ծանոթագրություններ չկան ձեռքի տակ) ու անգամ մի քանի լեզվի իմացություն է անհրաժեշտ: Ու հիմա պատկերացրեք, որ էս ամենի հետ գործածվում են զանազան հնարքներ. մի գլխում անցնում է անգլերենի ամբողջ պատմությունով (հայերենի դեպքում՝ գրաբարից մինչև աշխարհաբար), մյուսում նախադասությունները քերականորեն սխալ են, երրորդում կետադրություն չկա: 

Ջոյսը մի գրքում ամփոփել է բոլոր հնարավոր գրական հնարքները: Կարելի է համարել գրական հանրագիտարան: Ու եթե ապագայում որևէ բան գրելիս ինձ հետաքրքրի, թե ինչպես կարելի է գործածել կոնկրետ հնարք, հաստատ կբացեմ «Ուլիսեսի» համապատասխան գլուխը ու նորից կկարդամ:

«Ուլիսեսն» էնքան բազմազան գործ է, որ չեմ կարող ասել՝ դուրս եկավ կամ չէ: Կարող եմ ասել՝ «Իթաքան» ու «Պենելոպեն» դուրս շատ եկան, բայց գլուխներ կային, որ մի կերպ հաղթահարեցի կամ բան չհասկացա:

Որպես Իռլանդիայի սիրահար «Ուլիսեսն» իմ առաջ փռեց երկրի ողջ պատմությունն ու մշակույթը: Ավելին՝ անգամ Դուբլինը գծագրվեց իմ առաջ: Հատկապես վերջերս ահագին ոգևորվում էի, երբ ծանոթ փողոցների անուններ էի կարդում. Բլումը նույնիսկ այն փողոցով է անցել, որտեղ իմ հոսթելն է գտնվում: Արդյունքում դեռ Դուբլին չգնացած էնպիսի զգացողություն ունեմ, որ քաղաքը գիտեմ: Քարտեզն էլ արդեն անգիր եմ արել:

Կարծում եմ՝ «Ուլիսեսն» ամեն դեպքում հաղթահարելի գիրք է: Ուղղակի պետք է կարդալու ժամանակը ճիշտ ընտրել, որպեսզի ավարտին հասնելը չուշանա: Հաստատ գիտեմ. եթե քսան օր առաջ էլ սկսած լինեի, էլի էսօր ավարտելու էի: