13:17 , 11 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները, որոնք կայացել են կիրակի Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, եղել են բարդ, սակայն միևնույն ժամանակ նաև շատ կարևոր՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին փոխանցում է «Վեստնիկ Կավկազա» պարբերականը:
«Բանակցությունները բարդ էին, քանի որ կողմերը լուրջ տարաձայնություններ ունեն: Հաշվի առնելով առկա տարաձայնությունները՝ անցկացված հանդիպումը եղել է հատկապես ակտուալ»,- ընդգծել է Պեսկովը:
Մամլո քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի նպատակը Կովասում խաղաղության ու կայունության հաստատումն է: Առաջին հերթին Ռուսաստանը ձգտում է լինել հանդիպումների երաշխավոր, որոնց ժամանակ կողմերը կկարողանան պայմանավորվել և ընդհանուր հայտարարի գալ:
«Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Կովկասում իշխեն խաղաղությունն ու կայունությունը: Խաղաղ բանակցությունները, որոնք նախաձեռնել է Ռուսաստանը, հենց այդ նպատակն են հետապնդում: Գլխավորն այն է, որ կողմերը ստիպված չլինեն որևէ հարկադիր որոշում ընդունել. նրանք պետք է անձամբ գան փոխըմբռնման, միասնական կարծիքի: Ռուսաստանը կարող է դառնալ այդ հանդիպումների երաշխավոր: Ինչպես ասել է պարոն Պուտինը, կողմերը պետք է հարգեն միմյանց, և դրսևորելով բարի կամք՝ լուծեն ղարաբաղյան հարցը»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ և´Հայաստանը, և´ Ադրբեջանը շատ կարևոր են Ռուսաստանի համար, քանի որ այդ երկրների միջև են զարգացել ամենալայն շրջանակի վաղեմի հարաբերությունները: Ղարաբաղյան հարցն իր հերթին խանգարում է ողջ տարածաշրջանի զարգացմանը, այդ իսկ պատճառով Ռուսաստանը դրա լուծում է ցանկանում:
«Ռուսաստանի համար և´ Ադրբեջանը, և´Հայաստանը շատ կարևոր դեր են խաղում, նրանց հետ համագործակցությունը հանդիսանում է առաջնային»,- ասել է նա:
Ռուսաստանը շատ կարևոր տեղ է տալիս երկու երկրների հետ բազմակողմանի համագործակցութանը՝ ասել է Պեսկովը: