Սերժ Սարգսյանը արդարացրել է Ալիեւին


11:11 , 10 օգոստոս, 2014
Lragir.am-ը գրում է.

Սոչիում գտնվող Սերժ Սարգսյանը, ով օգոստոսի 10-ին Պուտինի հովանու ներքո հանդիպելու է ադրբեջանցի Իլհամ Ալիեւին, մինչ այդ Պուտինի հետ մարտական սամբոյի միջազգային մրցաշար է դիտել: Բայց ոչ մենակ, կրկին ադրբեջանցի Ալիեւի հետ: Պուտինի հրավերով Սարգսյանն ու Ալիեւը սամբո են դիտել:
Պետք է արժանին մատուցել ՌԴ նախագահի երեւակայությանը. հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության եւ զոհերի թվի աճի ֆոնին օգոստոսի 10-ի Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ նրանց մարտական սամբո տեսնելու տանել: Գուցե կանցնեն տարիներ, ու Սարգսյանն ու Ալիեւը որեւէ պատի տակ կանգնած կամ նստած կմտաբերեն Սոչիի այն հեռավոր երեկոն, երբ Պուտինն իրենց մարտական սամբո դիտելու տարավ:
Ի՞նչ է «ցուցանում» Պուտինի «առակը»: Համենայն դեպս խորհրդանշական է, որ հայ-ադրբեջանական լարվածության աճի, գրեթե նախապատերազմական վիճակում Պուտինը իր հովանու ներքո հանդիպում է կազմակերպում եւ դրանից առաջ էլ Սարգսյանին տանում է սամբո դիտելու, կարծես ակնարկելով, որ Սարգսյանի եւ Ալիեւի կամ հայ-ադրբեջանական ներկայիս մենամարտն էլ ինքն է կազմակերպել եւ կռվեցնում է կամ կարող է կռվեցնել Սարգսյանին ու Ալիեւին, կամ ավելի շուտ Հայաստանին ու Ադրբեջանին այնպես, ինչպես սամբիստներն են միմյանց հետ պայքարում:
Պուտինն իհարկե լուծում է իր խնդիրները, ինչի համար հարկ եղած դեպքում նա իհարկե դույզն իսկ չի զլանա հայ-ադրբեջանական պատերազմ էլ կազմակերպել:
Իսկ ահա թե ինչ խնդիր է լուծել Սերժ Սարգսյանն Ալիեւի հետ սամբո դիտելու գնալով, նույնիսկ կարիք էլ չկա գուշակել կամ ենթադրել: Բանն այն է, որ Ալիեւի հետ միեւնույն շարքում՝ արանքում ընդամենը Պուտինին ունենալով սամբո դիտելը ուղղակի վկայություն է Սոչիում հանձնվելու, Ալիեւի մարդասպանությունն արդարացնելու, երբ նկատի ենք առնում այն, որ Ադրբեջանը, այսինքն Ալիեւը, Սոչիի հանդիպման բառացիորեն նախօրեին սպանել են հայ խաղաղ բնակչի՝ Ադրբեջանին գերի ընկած Կարեն Պետրոսյանին:
Երեւի թե մեկնաբանության կարիք չունի այն փաստը, որ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանությունից հետո Սերժ Սարգսյանը մարդասպան Ալիեւի հետ միեւնույն դահլիճում սամբոյի մրցաշար է դիտում, այսպես ասած relax-ի մեջ է, ինչքան էլ որ այդ վիճակը համարենք ընդամենն առերեւույթ եւ կարծենք, որ իրականում իհարկե ամեն ինչ շատ լուրջ է եւ Սոչիում բախտորոշ հարցեր են քննարկվում:
Այդ դեպքում առավել եւս, ի՞նչը կարող է ավելի լուրջ լինել, քան խաղաղ բնակչի, գերու սպանությունը՝ նվաստացման եւ ծաղրի տեսարաններով: Այդ դեպքում Սերժ Սարգսյանին պետք է մնար ոչ միայն մերժել Ալիեւի հետ սամբո դիտելը, այլ նույնիսկ նրա հետ հանդիպելը՝ առնվազն պահանջելով, որ նա ի լուր աշխարհի ներողություն խնդրի հայ գերուն սպանելու փաստի կապակցությամբ եւ խոստանա կազմակերպել միջազգային հետաքննություն, ինչի պահանջի մասին նախօրեին խոսել էր Հայաստանի ԱԳՆ-ն: Պետական քաղաքականությունը հետեւողականություն է պահանջում եւ չի կարելի այսօր Ադրբեջանին տալ կոշտ որակումներ ու պահանջել միջազգային հետաքննություն, իսկ վաղը Ադրբեջանի նախագահի հետ գնալ սամբո դիտել, ինչ է թե Պուտինն է խնդրել:
Շարունակությունն՝ այստեղ