Յուրգեն Կլոպ. Ամեն ամառ մենք մի հիանալի ֆուտբոլիստ ենք կորցնում, սակայն…


00:57 , 10 օգոստոս, 2014

Յուրգեն Կլոպ. Ամեն ամառ մենք մի հիանալի ֆուտբոլիստ ենք կորցնում, սակայն…Armsport.am-ը գրում է.

«Մենք շարունակում ենք մեր կազմում ունենալ հիանալի ֆուտբոլիստներ»,- ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը “Brinkhoffs Ballgefluster” հեռուստահաղորդման ժամանակ:

Չնայած այն հանգամանքին, որ գերմանական ակումբը ամեն ամառ կորցնում է մի հիանալի ֆուտբոլիստ, թիմի 47-ամյա մարզիչը վստահ է, որ իրենք շարունակելու են պայքարել տիտղոսների համար. «Այս տարի մենք կորցրինք հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն (Ռոբերտ Լեւանդովսկին տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»,- Armsport.am), սրանից մեկ տարի առաջ էլ՝ Մարիո Գյոտցեին (Մարիո Գյոտցեն նույնպես տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»,- Armsport.am):

Մենք հիանալի թիմ ունենք, որը նախորդ տարիներին շատ լավ է ելույթ ունեցել ինչպես երկրի առաջնությունում, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայում: Մենք միակ թիմն ենք աշխարում, որը պարբերաբար լավ ֆուտբոլիստների է կորցնում, սակայն շարունակում է պայքարել տիտղոսների համար:

Անհամբերությամբ սպասում ենք հաջորդ եզրափակչին, որտեղ ցանկանում ենք հաղթել: Ես չեմ խոսում Գերմանիայի Սուպերգավաթի մասին: Եթե թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պատրաստ լինի, ապա հաջողությունը կուղեկցի մեզ»:

Գերմանիայի սուպերգավաթային խաղի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան», որտեղ, ի դեպ, հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Սիգնալ-Իդունա Պարկ» մարզադաշտում մրցելու է Մյունխենի «Բավարիայի» հետ: Ռոբերտ Լեւանդովսկին եւ Մարիո Գյոտցեն վերադառնում են հարազատ մարզադաշտ, սակայն արդեն որպես «Բավարիայի» ֆուտբոլիստներ: