16:06 , 9 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները մեծ թափով զարգանում են, երկու երկրների միջև վստահությունն ամրապնդվում է՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Մեր հարաբերությունները զարգանում են, ընդ որում՝ զարգանում են մեծ թափով: Մենք ամեն օր կապ ենք պահպանում մեր մակարդակով, կառավարությունների մակարդակով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը, իսկ որոշ այլ ուղղություններում ակտիվորեն համագործակցում ենք: Դա վստահելիության բաղադրատարրն է, որն ամրապնդվում է անընդհատ երկկողմանի կապերով»,- ասել է Պուտինը:
Նա նաև առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել «ամենահին խնդիրները», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին:
Իր հերթին Ալիևն ընդգծել է, որ երկու երկրների միջև հաստատվել են կայուն երկարատև դրական դինամիկայով հարաբերություններ:
«Մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային հարթակում… Մենք վճռական ենք տրամադրված համագործակցության պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահը նույնպես կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման օգտին՝ նշելով, որ այն շատ է երկարաձգվել և լուծման պահանջ ունի: