17:14 , 23 օգոստոս, 2012
Այսօր Հայաստանի հայտնի բլոգերներից` Kamo Blog-ի հիմնադիր Կամո Թովմասյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով Հայաստանում առաջին անգամ անցկացված «Pool Party»-ի մասին կայքերում հայտնված հրապարակմանը` գրառում է կատարել, թե հայկական ԶԼՄ-ները, ՀՀ Կառավարության կազմում առկա որոշ «պեդոֆիլ նախարարների» թեման թողած` գրում են հայկական փարթիների և դրանց մասնակիցների մասին:
Asekose.am-ը կապվել է բլոգերի հետ` հստակեցնելու համար, թե կոնկրետ ում նկատի ունի բլոգերը` «պեդոֆիլ նախարար(ներ)» ասելով: Վերջինս մեզ պատասխանել է, որ իր ֆեյսբուքյան ստատուսներն ինքը քննարկում է միայն ընկերների հետ և հարկ չի համարում դրանք մեկնաբանել ԶԼՄ-ների համար:
Ու չնայած Կամո Թովմասյանը չի ցանկացել ԶԼՄ-ներին մեկնաբանել իր գրառումը, անմիջապես «մեկնաբանել» է մեր զանգն ու թողել ֆեյսբուքյան հերթական ստատուսը.
« Խնդրեմ. Հենց նոր զանգահարեցին մի կայքից և ասացին, որ մեկնաբանեմ իմ ֆեյսբուքյան ստատուսը: Ես էլ ասացի` չեմ հասկանում` իմ ընկերների հետ խոսում, քննարկում ենք, ինչու՞ եք ամեն ստատուսի մասին նյութ գրում»,-գրել է նա:
Հարկ է նկատել, որ սոցցանցում յուրաքանչյուր ստատուս(անկախ դա գրված լինի ընկերների համար, թե անծանոթների) ակամայից դառնում է հանրության «սեփականությունը»` մանավանդ , երբ մեղադրանք արտահայտողը քիչ թե շատ հայտնի մարդ է ու գրառումը բողոք է պարունակում ԶԼՄ-ների հասցեին, որոնք , ինչպես նշում է Կամո Թովմասյանը, թողած «պեդոֆիլ նախարարներին», գրում են հայկական փարթիների ու դրանց մասնակիցների մասին:
Նշենք նաև, որ Asekose.am -ը փորձել է «պեդոֆիլ նախարարների» հարցն արծարծող ստատուսի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն այստեղից մեզ պատասխանել են, որ իրենք նմանատիպ գրառումները հարկ չեն համարում մեկնաբանել: