Պահքը, ծոմը, աղոթքը զորավոր երեւույթներ են, սակայն այդ ամենը դատարկ ու փուչ է, եթե համարժեք գործերով չեն ամրագրված


23:14 , 6 օգոստոս, 2014

Displaying DSC00779.JPGՎերջերս Բլոգնյուզում հրապարակվեց մի գրառում, որտեղ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հայտարարում է, որ մեր պետական սահմաններում այս երկու օրերի համեմատական անդորրը իր եւ իր աղոթքի կանգնելու կոչին հետեւող մարդկանց աղոթքների շնորհիվ էր, այսինքն եթե իրենք չաղոթեին, ապա հաստատ ադրբեջանցիները ավելի լայնամասշտաբ դիվերսիա իրականացնելու փորձ կկատարեին, բայց քանի որ իրենց եկեղեցում (Շառլոտ, Հյուսիսային Կարոլինա) «հատուկ աղոթք էր կազմակերպվել», այդ իսկ պատճառով էլ այս օրերին ակտիվ դիվերսիոն փորձեր չեն գրանցվել: Ընդհանուր հոդվածի ենթատեքստում այն միտքն է, որ եթե ցանկանում ենք, որ հակառակորդը այդպես էլ շարունակի իրեն խելոք պահել, ապա մենք պետք է շարունակենք նույն ջերմեռանդությամբ աղոթել, պահք ու ծոմ պահել եւ այլ դատարկաբանություններ: Նպատակ չունեմ պնդելու, որ հոդվածագիրը աղանդավորական հայացքներ ունի կամ գիտակցաբար փորձում է կոտրել մեր մարտական ոգին եւ հասարակության մտքերը շեղել վտանգավոր ուղղությամբ, բայց նման մտավախություն ունեմ: Իհարկե, պահքը, ծոմը, աղոթքը զորավոր երեւույթներ են, սակայն այդ ամենը դատարկ ու փուչ է եթե համարժեք գործերով չեն ամրագրված: Մեզանից յուրաքանչյուրս մեր անձնական կյանքի փորձառությունից գիտենք, թե որքան անհրաժեշտ է աղոթքը հոգեբանորեն հավասարակշռվելու եւ կարեւոր գործերի վրա կենտրոնանալու համար, սակայն զուտ աղոթքը, պահքն ու ծոմը որպես պայքարի ձեւ կամ որպես ռազմավարություն ընդունելը դժվար թե մեզ հաղթանակի բերկրանքը ճաշակելու հնարավորություն ընձեռի: Այլ խոսքով. Եթե հակառակորդը հարձակվի մեր պետական սահմանների վրա, իսկ մենք թիկունքում ծնկաչոք ու ջերմեռանդորեն սկսենք աղոթել Աստծուն, որ հակառակորդը մեզ չսպանի, սահմանապահ զինվորներին էլ ասենք «տղերք ջան զենքի հետ գործ չունեք, դուք հանգիստ քնեք, մենք ստեղ տեղը տեղին աղոթում ենք ու էս քանի օրն էլ ուզում ենք պաս ու ծոմ պահենք», ապա մենք միանշանակ հաղթանակը մեզանից կհեռացնենք: Մենք չպետք է աղոթենք, որ թշնամին չհարձակվի, այլ պետք է աղոթենք, որ Աստված մեզ բոլորիս թե՛ սահմանում թե՛ թիկունքում ուժ ու կարողություն տա կազմակերպվելու, համախմբվելու, որպեսզի Նա մեր միտքը լուսավորի ու հնարավորություն տա լավագույնս օգտագործելու ռազմական մեր բոլոր իրական հնարավորությունները եւ անընդհատ գործել ու գործել է պետք, քանի որ ինչպես Սուրբ Գիրքն է վկայում հավատքն առանց գործերի դատարկ է եւ ունայն: Հավատքը պետք է գործակից լինի գործերին եւ միայն այդ դեպքում գործերը կատարյալ կդարձնեն հավատքը ու կհաստատվի մեզ համար ցանկալի խաղաղությունը: