16:02 , 6 օգոստոս, 2014
Վերջին օրերի հիմնականում արևմտյան վերլուծական հանրության ներկայացուցիչները, արձագանքելով նաև պաշտոնական չեզոք և ագրեսորին ուղղակիորեն չքննադատող հայտարարությունները, պարբերաբար նշում են, թե միանշանակ չէ, թե ով է հարձակվողը եղել և անհնար է հասկանալ դա, որովհետև մի կողմը կրակում է, մյուսն՝ արձագանքում և երբ իրավիճակն էսկալացվում է, արդեն էական չէ, թե ով էր սկսել առաջին կրակը:
Եթե ինչ-որ առումով հասկանալի է, որ պետական մակարդակով միջնորդ կամ չեզոք երկրները չեն առանձնացնում մեղավորին /թեև այս մոտեցումը միանշանակ դատապարտելի է,/, ապա անընդունելի է, երբ անկախ վերլուծաբանն է հանուն „անաչառության” փորձում հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև: “Անաչառությունը” սահմաններն անցնելիս վերածվում է ակնհայտ կողմնապահության և ոչ օբյեկտիվ գնահատանքի: Նման վերլուծաբաններին կցանկանայի երկու հարց ուղղել՝ ա. ինչո՞ւ կամ հանուն ինչի՞ պետք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կամ Արցախի Պաշտպանական բանակն անցնեն հարձակման: Ի՞նչ խնդիր ունենք մենք լուծելու, որ չենք լուծել ռազմական ճանապարհով: Եվ բ. ո՞վ կամ ո՞ր կողմն է անդադար սպառնում ռազմական գործողությունների վերսկսումով, ռազմական բյուջեի փքվածությամբ, հայերի նկատմամբ ատելության քարոզչությամբ, Հայաստանի մյուս տարածքների նկատմամբ տարածքային պահանջներով և տարածաշրջանի պատմության ֆենոմենալ կեղծարարությամբ: Այս երկու հարցերին պատասխանելու դեպքում միանշանակ է, որ պետք է առանձնացնել և դատապարտել ագրեսորին: Ագրեսորին և ագրեսիայի զոհին միևնույն հարթության վրա դնելն է նաև հանդիսանում այն բազմաթիվ պատճառներից մեկը, որ ագրեսորն ավելի հանդգնորեն է անտեսում խաղաղության պահպանման բոլոր հորդորները: