16:25 , 4 օգոստոս, 2014
Քո սկսած պայքարի մեջ, ուղղված հայրերիդ դեմ, կզարնվի կեղծիքը: Ճշմարտությունը կտոնե իր հաղթանակը՝ վերագրավելով իր գահը մեր հասարակական և անհատական կյանքում: Նրա արևը կլուսավորե մեր հոգևոր կյանքը՝ փրկելով մեզ մտավոր կուրությունից: Կբացվեն աչքերը, և նրանք, որոնք բաց աչքերով կապրեն աշխարհում, բայց չեն տեսնի, իրերը և երևույթները տեսնել ու հասկանալ կսկսեն իրենց ճշմարիտ լույսի մեջ: Շարժվել կսկսեն ճշմարտությամբ օծուն գրիչներ: Ստեղծագործ ոգևորության մի հեղեղ կանցնի հայ աշխարհի վրայով՝ աճեցնելով հոգիներն ու կամքերը:
Հայ մարդ՝ ծանոթ ինքնաճանաչության օրենքներին, կզարգացնի իր ներքին թաքուն ուժերը իր ներքին մարդը, որի բաղդատմամբ ինքն այժմ թզուկ է միայն: Կհրապարակախոսեն վսեմ ու խանդավառ շրթունքներ, և երեկվա, հակասություններով այնքան հարուստ մեր կյանքը կիմաստանանա բարոյական ճշմարտություններով:
Խոսելուց առաջ ամեն ոք ոսկե կշռով նախ կկշռի իր խոսքը:
Մայրերը զգաստության և ուղղության կհրավիրեն ազգայնորեն տկարացածներին՝ դաստիարակելով իրենց զավակները նախ հայրենիքի՛ համար:
Դպրոցը կդառնա ազգային ոգու և ուխտի դպրոց:
Մամուլը՝ լուս և ջերմություն սփռող:
Կինը՝ ընկեր ընկերն ու օգնականը և ոչ՝ ազախինը տղամարդու:
Ուսուցիչն ու աշակերտը կունենան իրենց ընդհանուր ուսուցիչը՝ լուսավոր ժողովրդասիրությունը, այսինքն՝ որ բավարարեր անհատի իմացականությունը ջերմացներ սիրտը, զորացներ հույսը՝ վսեմ ժողովրդասիրություն, որից հայությունը կարողանար ստեղծել մի հրաշագործ ուժ:
<<Որդիների պայքարը հայրերի դեմ>>
Կեղծիքը զինաթափած ժողովուրդը
Գարեգին Նժդեհ