10 կանոն, որոնք եթե չօգնեն, ապա չեն վնասի լրագրողներին և նյուզռումներին


11:38 , 4 օգոստոս, 2014

Վստահ եմ բոլոր գործընկերներս էլ գիտեն ինչպես աշխատել, երբ սահմանին անհանգիստ է, ուղղակի կան բաներ, որ երևի արժի խմբավորել` ձեռքի տակ ունենալու համար: Ահա այն կանոնները, որոնք եթե չօգնեն, ապա չեն վնասի լրագրողներին և նյուզռումներին: Վստահ եմ ցուցակը շարունակելի է:

1. Իրադրության լարվածության դեպքում հղում անել միայն ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայություններին: 
2. Չտալ ինֆորմացիա այն մասին, որ օրինակ Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածի հայ-ադրբեջանական սահմանին երկու զինվոր է մահացել` առանց նրանց անունները հրապարակելու: Դուք պատկերացնում եք, թե ինչ վիճակում են այն ծնողները, որոնց զավակներն այնտեղ են: Այլընտրանքային տարբերակ այստեղ չկա: Ուղղակի պետք է սպասել պաշտոնական հաղորդագրությանը կամ զանգել մամուլի ծառայություն անունները ճշտելու համար:
3. Ժամանակ առ ժամանակ լինում է փոխհրաձգություն: Ցանկալի է, որ դիվերսիաները կանխելու մասին լուրերը սկսել հակառակորդի կորուստներով: Ուղղակի անթույլատրելի են հետևյալ վերնագրերը “Հերթական զոհ սահմանին”, “`Երկու զինվոր է մահացել գիշերը”: Այսպիսի վերնագրերը առաջացնում են վախ: Դրա փոխարեն ամբողջական գրեք “Հակառակորդի դիվերսիան կանխվել է. Ադրբեջանցիները տվել են 5 զոհ, հայկական կողմը` 2”: Խոսքն ամենևին ինֆորմացիոն մանուպուլյացիայի մասին չէ: Ուղղակի, այսպիսի լարված իրավիճակում ճակատային ինֆորմացիոն դյուրամարս չէ: 
4. Գրեթե բոլոր խմբագրությունները կապ ունեն սահմանային գյուղերի համայնքի ղեկավարների հետ: Գյուղապետերը մարդիկ են, որոնք միս ու արյունից են ու օրվա տարբեր ժամի տարբեր տրամադրության և իրավիճակի մեջ են: Եթե տեսնում ենք, որ հեռախոսազրույցում մարդը հուզված է, բղավում է, կամ ասում է, թե կրակում են անդադար, բոլորը հեռանում են, մի դրեք դա վերնագիր: Դա խուճապ է առաջացնում: Զանգեք ՊՆ, տեսեք իրականում ինչ է կատարվում և դրանից հետո մեկ ժամ անց նորից զանգեք: Երբեք, միայն գյուղապետերին հղում անելով, նյութեր մի պատրաստեք:
5. Այսօր հայկական ֆեյսբուքում շատ են ադրբեջանական կեղծ օգտատերերը: Երբեք նյութ մի պատրաստել, վերցնելով որպես սկզբաղբյուր մի օգտատեր, որը ներկայանում է որպես Տավուշի, Քարվաճառի կամ Աղդամի բնակիչ:
6. Մի like-եք կամ Comment գրեք ադրբեջանական հոդվածների տակ: Դրանով դուք այն տարածում եք: Կարդացեք, վերցրեք ի գիտություն: 
7. Ոչ մի դեպքում, ուղղակի անթույլատրելի է ադրբեջանական հրապարակումը share անելը: Նույնիսկ եթե դուք դրանից առաջ և հետո գրում եք ճշմարտությունը:
8. Զոհված երիտասարդների հարազատների հետ խոսելուց, հոդվածը կամ ռեպորտաժը պատրաստելիս փոխանցեք և ցավը, և վիշտը, և ափսոսանքը: Պատրաստեք ու ներկայացրեք այն, ինչ գտնում եք նպատակահարմար, բայց ոչ մի դեպքում, եթե նույնիսկ դա հարազատներն են ասում, մի դրեք նյութում այն հատվածը, թե “ինչու նա գնաց բանակ”: Սահմանին կանգնած զինվորի ու նրա ծնողների հոգեբանության վրա դա ամենացավոտ հարվածն է, որ կարելի է հասցնել: Մի բարոյալքեք ձեր աշխատանքով երկիրն ու բանակը: 
9. Ֆեյսբուքը դեռ ամբողջ Հայաստանը չէ, մի գրեք հոդվածներ հիմնվելով սոցցանցերի դեպրեսիվ ու վախեցած տրամադրությունների հիման վրա: 
10. Մենք բոլորս մարդիկ ենք և սահմանից ստացված լուրերը չեն կարող մեր վրա չազդել: Կարող են: Եվ ազդում են: Բայց ոչ մեր հոդվածների: Կառուցեք ձեր հոդվածները, դրեք վերնագրեր ԴՈՒԽ-ով, ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ, առանց ՎԱԽ-ի: Հիշեք Հեմինգուեյին, Սարոյանին…ձեր նախընտրությամբ, նրանց, որ գրում էին սահմանից կամ սահմանի մասին: Ամեն ինչ կար, բացի հուսահատությունից ու վախից: Փառք Աստծո, մենք այնքան ուժեղ ենք, որ ոչ մեկի առջև դրված չէ ուղղակի ստել կամ դեզինֆորմացիա տարածել, ինչպես այսօր անում են ադրբեջանցիները: Մեր խնդիրն է պատմել ինչ է կատարվում: Ուղղակի դա պետք է անել արժանապատվությամբ ու վստահությամբ::