Տանիքը` ԲՀԿ-ից, բնազդը` ՕԵԿ-ից, ախորժակը` ՀՀԿ-ից


01:03 , 21 օգոստոս, 2012

Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ինտրիգը կարծես թե մարեց Վարդան Ղուկասյանի չառաջադրման և Սամվել Բալասանյանի` ՀՀԿ-ի կողմից սատարվելու փաստերից հետո: Անշուշտ, գործող քաղաքապետը կարող էր լուրջ մրցակից լինել Բալասանյանին` անգամ ՀՀԿ-ի կողմից պաշտպանված չլինելու դեպքում, սակայն Ղուկասյանին պակասում էր քաղաքական կապիտալը. նա տարիներ շարունակ կենտրոնացել էր ֆինանսական կապիտալ կուտակելու գործին` չհասկանալով, որ կարող է հայտնվել քաղաքական իրադարձությունների լուսանցքում: Լինելով համակարգի կարկառուն ներկայացուցիչ, կրելով մաֆիոզ-կլանային համակարգի բոլոր հատկանիշները` նա երբեք փորձ չարեց դառնալու քաղաքական հեղինակություն, և այս պայմաններում, ՀՀԿ-ի կողմից մերժված կարգավիճակում թեկնածու առաջադրվելու պարագայում, նա հարցականի տակ էր դնում նաև իր ֆինանսական կարողությունները, որովհետև, հնարավոր պարտությունից հետո, իշխանությունների կողմից նրան հալածելու դեպքում, չէր կարող հասարակական պաշտպանության այնպիսի ալիք բարձրանար, որը Վ. Ղուկասյանին կփրկեր ունեցվածքի կորստից: Ղուկասյանը փորձեց ձևավորել այդ հասարակական ակտիվը, սակայն արդեն շատ էր ուշացել. գնացքն արդեն մեկնել էր: Ստվերային կապիտալի ցանկացած տիրակալի նման նա բնազդաբար իրեն դուրս մղեց գործընթացից` փորձելով պահպանել տարիների կուտակած հարստությունը: 

Այս համատեքստում կրկին տուժեց քաղաքացիական հասարակությունը, որը զրկվեց Գյումրիում առկա պրոբլեմների մասին իրական քննարկումներից, հատկապես, որ Սամվել Բալասանյանը ևս ջենտլմենորեն որոշեց լռել Ղուկասյանի օրոք Գյումրիում կատարված չարաշահումների վերաբերյալ: Ըստ էության ընդունելով աղաղակող չարաշահումների փաստը` քաղաքապետացուն չցանկացավ անդրադառնալ Գյումրու գործող քաղաքապետի գործունեությանը, գնահատական տալ անցած 10 տարիներին Գյումրիում արմատացած արատավոր երևույթներին:

Իսկ ինչու են մեր բոլոր պաշտոնյաները մշտապես հրաժարվում գնահատել իրենց նախորդների գործունեությունը, գոնե քաղաքական գնահատական չեն տալիս... Հավանաբար որևէ մեկը ներքուստ անձնական երաշխիքներ չունի, որ չի հայտնվելու իր նախորդի կարգավիճակում և ավելի մեծ ուժով չի շարունակելու երկրի հարստահարումը: Մինչդեռ քաղաքականապես առավել շահեկան կլիներ, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի այս յուրօրինակ քաղաքական հիբրիդը հայտարարեր, որ Գյումրիի պրոբլեմների մեծ մասը գալիս են այն հանգամանքից, որ տարիներ շարունակ աղետի գոտում պետության կողմից կատարված ներդրումները արդյունավետ չեն ծախսվել և ազգային դժբախտության ավերակների վրա հարստացած անձիք պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար և փոխհատուցեն պետությանը պատճառած վնասները: Հակառակ պարագայում անհասկանալի է մնում, թե Գյումրվա քաղաքապետի փոփոխությունից շարքային գյումրեցին ինչ է շահելու...

Եթե մարդը ի զորու չէ իր նախորդի գործունեությանը շիտակ գնահատական տալու, ուրեմն պատրաստ չէ շտկելու նրա սխալները...

Հավանաբար այդ չարաբաստիկ ճակատի գիրը այդպես էլ չջնջվեց և Բալասանյանը ուղղակի դարձավ ԲՀԿ-ական` ՕԵԿ-ի բնազդով և ՀՀԿ-ի ախորժակով...