Ավտովթարից տուժածներից երկուսի վիճակը ծանր է


09:44 , 29 հուլիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Հուլիսի 29-ին՝ ժամը 02:11-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը:
 
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 18-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 066 ՏՏ 03 պետհամարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից 1956թ. ծնված Ա. Ջ.-ն, ուղևորները՝ 1959թ. ծնված Է. Մ.-ն և 1988թ. ծնված Հ. Ջ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է.Մ.-ին և Հ.Ջ.-ին:
 
Տուժածները տեղի ուժերով և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:
 
Բժիշկները Է.Մ.-ի, Հ.Ջ.-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Ա.Ջ.-ինը՝ միջին ծանրության: