12:16 , 20 օգոստոս, 2012
Ժողովրդական երգի մի խումբ սիրահարների կողմից:
Գրում եմ ոչ որպես երաժշտագետ, պրոդյուսեր կամ առհասարակ քննադատ, այլ որպես փոքրիշատե քաղաքակիրթ մարդ, ով նաև գեղեցիկ մատուցվող լրագրության ջատագովներից է: Այս հոդվածը բնավ միտված չէ այն հեռուստաընկերության վարկանիշի իջեցմանը, որի հեռուստանախագծերից մեկին հիմա ես կանդրադառնամ, ուղղակի դեպքերի բերումով և, երևի թե, անխոհեմության պատճառով որոշ մարդիկ հայտնվել են ոչ այդքան ճիշտ տեղում, և ճիշտ ժամանակին:
Միացնում եմ հեռուստացույցը, մարմինս ամբողջությամբ հանձնում եմ բազկաթոռին, ձեռքս եմ վերցնում մեկ գավաթ սուրճը՝ ակնկալելով հաճելի երեկո՝ պարուրված Կոմիտասյան երգ ու երաժշտությամբ, որ մեզ էր մատուցվելու «Ժողովրդական երգիչ երեք» նախագծի մասնակիցների կողմից: Կատարումները նույնիսկ գերազանցեցին իմ ակնկալիքները, բայց մրցութային համերգի ողջ ընթացքը ինձ այնքան նյարդայինացրեց, որ ստիպված եղա ժյուրիի անդամներից մեկի նման ինքս էլ ջարդել սուրճի բաժակը: Իսկ թե ինչի՞ համար բարկացա, հիմա կադրադառնամ առանձին-առանձին: Նախ՝ ի՞նչ ասել է՝ եթերի ժամանակ բաժակ ջարդել հետո էլ ասել, թե չարը խափանվեց, էլ ո՞ւր մնաց էսթետը, ինչ ենք սովորեցնում մեր երեխաներին, որ ամեն անգամ բարկանալիս մեկական բաժակ ջարդե՞ն… ԵՎ դա անում է մի մարդ, որ շատ երեխաների համար սիրելի-անհատ հերոս է: Երկրորդ՝ ի՞նչ է ասել է ՝ եթերից միմյանց հետ խոսել այնպես, ինչպես որ կխոսես շուկայում՝ ընկերոջդ հետ գնումներ կատարելիս՝ «Ալ ջան, Լյով ջան», ստացվում է, որ պարոն, տիկին, երգիչ ու երգչուհի, վաստակավոր արտիստը և այլ տիտղոսներ վերացել են, և փոխարինելու են եկել սնափառ ու քստմնելի, առօրյա-խոհանոցային դիմելաձևեր: Նախագծի հաղորդավարն իրեն թույլ է տալիս այն, ինչ ուզում է ու մեկնում՝ ես անում եմ հոգուս բխանքը, բա եթե մի օր Ձեր հոգիդն հենց այդ պահին եթերում մերկանալ ուզի՞, ապա դա էլ պետք է անեք՞: Եվ ամենագլխավորը, աղավաղված է ժյուրիի կազմը. երբ գուսանը, ով այդ երգերի հեղինակն է և ամենից շատը նա գիտի այդ ոլորտի մասին, նստում է հանդիսատեսին հավասար, իսկ շարքային դերասանը փորձում է գնահատական տալ երգին, ասել է թե՝ բժիշկը փորձի կոշիկ կարել: Եվ ամենից զայրացնողը՝ հաղորդավարը ասում է, թե ժյուրիի կազմում լինելը հերոսություն է: Հերոսությո՞ւն է արդյոք ձեր դեպքում, թե՞ ջրիկության մակարդակի հասնելու մի նոր տարբերակ: Հերոսությունը այն կլիներ, որ ժյուրիի կազմում նստեին իրոք ոլորտի մասնագետները, այլ ոչ թե՝ ով պատահի:
Հ.Գ. Այս գրության հիմնական պատճառը իմ ծանոթների դժգոհություններ էր այն մասին, որ հաղորդման ջրիկության պատճառով իրենք չեն կարողանում լսել մեր ազգային ու ժողովրդական երգերը…