16:09 , 18 օգոստոս, 2012
5 րոպե, 15 րոպե , կես ժամ ... ու ոչ մի երթուղային :
Միայն մի հատ 44 համարի երթուղային անցավ՝ ավելի քան 44 ուղևորով:
Ուշ չէր՝ 10.30, քաղաքի կենտրոնում երթևեկությունը եռում է, իսկ ծայրամասերում մարդիկ ստիպված են կամ շախմատի ձի դառնալով և մի քանի անգամ ծալվելով տեղավորվել գազելի մեջ, կամ տաքսի պատվիրել, եթե գրպանում միայն վերջին 100 դրամը չի մնացել :
Հարց. Ու՞ր են երթուղայինները:
Պատասխան չի ակնկալվում....
Հետաքրքիր է, միթե՞ եռուզեռը կանգ է առնում արևամուտին պես... Հազիվ մարդիկ շոգից խուսափելով զբոսնելու են դուրս գալիս, ու արդեն երթուղայինները չկան:
Տեղյակ չեմ արդյոք որևէ օրենք կա երթուղային տաքսիների աշխատաժամերի մասին, բայց փաստը մնում է փաստ, որ երթուղայինները նույնիսկ մինչև կեսգիշեր չեն աշխատում:
Թերևս միայն գիշերային ժամերին չաշխատելը չէ խնդիրը, ցերեկային պիկ ժամերի դերլցված գազելներն էլ այնքան հաճելի չեն:
Բնականաբար վարորդի աշխատանքն էլ հեշտ չի՝ առավոտից գիշեր ղեկի դիմաց, հազար տեսակի մարդ, մյուս կողմից էլ ՝ անտանելի շոգը, նորմալ աշխատավարձ էլ չկա:
Բայց դե դժգոհիր Ռուբի, դժգոհիր հայ ժողովուրդ, ով քեզ կլսի՞:
Մարդիկ կշարունակեն մտնել երթուղային, ու դրսից մեկին խնդրել որ դուռը փակի, կառավարությունն էլ կնայի ու կզարմանա, կամ կզայրանա, միգուցե կհիանա՞:
Եթե կա խնդիր , ուրեմն անպայման կգտնվեն լուծումները...
Դեռ մանկուց երազում էի, որ Երևանը շատ մեծ մետրոպոլիտեն ունենա, բայց ափսոս Սովետական Միությունը չհասցրեց, մեր օրերում էլ նման շինարարությունն արդեն անհնար է թվում:
Էլ մետրո չեմ ակնկալում, գոնե երթուղայինները թող բարելավվեն, ի վերջո ծայրամասերում ապրողներն էլ են մարդ , քաղաքացի ու իրավունք ունեն նորմալ ՆՍՏԵԼ երթուղային, այլ ոչ թե ծալծլվել , խցկվել կամ ժամերով ապարդյուն սպասել: